«Իջևանյան բեկոն»-ը մաքսային արտոնություն ստացավ

«Իջևանյան բեկոն»-ը մաքսային արտոնություն ստացավ

Կառավարությունը հավանություն տվեց  «Իջևանյան բեկոն» ՍՊԸ–ի՝ Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում խոզաբուծարանի հիմնման ներդրումային ծրագրին, ծրագրի իրականացման նպատակով առանց մրցույթի հողամաս վարձակալության իրավունքով տրամադրելուն և հողամասեր ուղղակի վաճառքի ձևով օտարելուն, ուղղակի վաճառքի ձևով օտարման պայմանագրի հիմնական պայմանները սահմանելուն։

Հիմնավորման մեջ նշվում է, որ «ԻՋԵՎԱՆՅԱՆ ԲԵԿՈՆ» ՍՊԸ-ի և Արմավիրի համայնքապետարանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն նախատեսվում է Մայիսյան գյուղի Այգեգործական 4-րդ թաղամասի 12-րդ փողոց, 2 և 6 հասցեներում «ԻՋԵՎԱՆՅԱՆ ԲԵԿՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող տարածքներում և Արմավիր համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղ Մայիսյան, Այգեգործական 4-րդ թաղամասի 12-րդ փողոց, 8 հասցեում գտնվող 0.5774 հա գյուղ Մայիսյան, Այգեգործական 4-րդ թաղամասի 12-րդ փողոց, 4 հողամաս հասցեում գտնվող 4.5769 հա  և գյուղ Մայիսյան հասցեում գտնվող 10 հա հողամասերում իրականացնել խոզաբուծարանի հիմնման ներդրումային ծրագիր։

Հարկ է նշել, որ «Իջևանյան բեկոն»–ը արդեն իսկ կատարել է 862 մլն 522 հազար դրամի ներդրում:

Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող վերոնշյալ հողամասերը այս պահին վերածվել են աղբանոցի և ներդրումային ծրագրի իրականացումը կխթանի համայնք-մասնավոր հատված համագործակցությունը, կվերացնի ստեղծված աղբանոցը և գործունեության արդյունքում առաջացած գոմաղբը կօգտագործվի հողերի բարելավման նպատակով։ Ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում համայնքում կստեղծվի շուրջ 49 նոր աշխատատեղ։