Ընթացքի մեջ են համայնքի մի շարք ճանապարհների և տարածքների բարեկարգման աշխատանքները
Այս օրերին Սևան համայնքի մի շարք տեղամասերում, սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, ընթանում են ճանապարհաշինական աշխատանքներ: Ինչպես հայտնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, ասֆալտապատմանն ու հիմնանորոգմանը զուգահեռ իրականացվում է նաև ճանապարհների հարթեցման գործընթաց:
Համաձայն համայնքի կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ ներկայացված պահանջարկի՝ Մ-4 միջպետական նշանակության ավտոճանապարհի 51-60կմ նորոգման արդյունքում գոյացած ասֆալտբետոնե խառնուրդը (ֆրեզ)՝ շուրջ 1770խմ, տրամադրվել է համայնքի բնակավայրերի ճանապարհներին բարեկարգման, հարթեցման համար:
Աշխատանքները մեկնարկել են օրեր առաջ և գտնվում են ընթացքի մեջ, որի արդյունքում Սևան քաղաքի և գյուղական բնակավայրերի մի շարք ճանապարհներին արդեն տեղադրվել է երկրորդային հումք հանդիսացող ասֆալտբետոնե ծածկույթի շերտ:
Առաջիկայում ևս նախատեսվում է երկրորդային հումք հանդիսացող ասֆալտբետոնե ծածկույթի նոր խմբաքանակի տրամադրում, որը կտեղադրվի համայնքի կողմից քարտեզագրված համապատասխան տարածքներում: