Սևան քաղաքում գործարկվել է կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման համակարգը

Սևան քաղաքում գործարկվել է կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման համակարգը

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում 2025 թվականի հուլիսի 26-ից մեկնարկել է կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման համակարգը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, կենցաղային կոշտ թափոնների տեսակավորման նպատակով Սևան համայնքը ստացել է 1680 եվրոպական արտադրության թափոնաման և 1 թափոնատար մեքենա՝ շուրջ 300,000 եվրոյի համարժեք աջակցությամբ։ Նոր ծառայությունն արդեն հասանելի է քաղաքի ողջ տարածքում։ Այս համակարգի ներդրումը հնարավոր է դարձել Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «Acopian Center for the Environment»-ի կողմից՝ Սևանի քաղաքապետարանի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների և ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունների հետ համագործակցությամբ։      

Այժմ սևանցիները կարող են տեսակավորել վերամշակվող թափոնները՝ կապույտ թափոնամանում լցնելով պլաստիկ, մետաղ, թուղթ, կանաչ թափոնամանում՝ ապակի։ Իսկ սև թափոնամաններն էլ, որոնք տեղադրվել են «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ի կողմից, նախատեսված են խառը, չտեսավորվող թափոնների համար։

Վերամշակելի թափոնների հավաքումն ու տեղափոխումը կիրականացնի Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ-ն։

«Նոր համակարգը կնպաստի բարեկարգ և առողջ միջավայրի ձևավորմանը։ Բայց ամեն ինչ կախված է համայնքի բնակիչների գիտակցված մասնակցությունից։ Վստահ ենք՝ Սևանը օրինակ կլինի այլ համայնքների համար»,-նշել է Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը։

«Սևանում ներդրվել է նորարարական համակցված մոդել՝ ըստ եվրոպական փորձի։ Մեր հաջորդ քայլը կենսաբանական թափոնների տեսակավորումն է։ Թափոնները պարզապես աղբ չեն, դրանք ռեսուրս են»,-նշել է Սևանի կոշտ կենցաղային թափոնների ծրագրի ղեկավար Հարություն Ալպետյանը։ 

Միջոցառման ընթացքում Սևան համայնքի բնակիչները ծանոթացել են կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման նոր համակարգին, մասնակցել  թեմատիկ խաղերի և ստացել անհրաժեշտ տեղեկատվական նյութեր։