Sputnik. Ի՞նչ է ենթադրում կիբեռանվտանգության մասին օրինագիծը. պարզաբանում է նախարարության մասնագետը
«Կիբեռանվտանգության մասին» օրենքի նախագիծը` հարակից փաթեթով, բերվել է ավարտուն տեսքի և պատրաստ է փոխանցման Ազգային Ժողով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թվայնացման վարչության պետ Արշակ Քերոբյանը։
Ըստ օրինագծի` հեռահաղորդակցության և կրիտիկական ենթակառուցվածքների օպերատորները (էներգետիկայի, ֆինանսների, տրանսպորտի և այլ ոլորտներում) պետք է ապահովեն կիբեռսպառնալիքների դեմ 24/7 ռեժիմով պաշտպանություն` սեփական ուժերով կամ մասնագիտացված ընկերության միջոցով։ Այդ ըներությունները պետք է հաշվետու լինեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված վերահսկող մարմնին։
Ըստ օրինագծի` ԲՏԱ նախարարությունն իր հերթին պետք է մշակի կիբեռմիջադեպերի դեմ պայքարի չափանիշներ, որոնք կհաստատի կառավարությունը։ Բացի այդ, նախարարությունը պարտավորվելու է հանրության տարբեր խմբերի համար կազմակերպել իրազեկման միջոցառումներ ցանցային վարքագծի կանոնների (կիբեռհիգիենայի) մասին։ Պետական հատվածի ոլորտային մասնագետների համար պետությունը նաև անցկացնելու է պարբերական վարժանքներ, իսկ մասնավոր հատվածում աշխատող մասնագետները պարտավոր կլինեն պարբերաբար ատեստավորվել։
Բուհերի համար քննարկվում են նոր լաբորատոր ծրագրեր, որոնք պետք է ներառեն որոշակի միջազգային սերտիֆիկատների պահանջներով մասնագետների պատրաստում։ Դպրոցականների համար ծրագրեր կկազմի Tumo-ն՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության աջակցությամբ։
Նույն փաթեթով ներկայացվել են նաև այլ օրինագծեր` «Հանրային տեղեկությունների մասին» և «Բնակչության պետական ռեգիստրի մասին»։
Նյութն ամբողջությամբ՝ arm.sputniknews.ru