Նախագծի ընդունմամբ կխթանվի նոր ներդրողների ազատ և անարգել մուտքը հայաստանյան ֆինանսական շուկա
Այս նախագիծը ևս մեկ կարևոր քայլ է Հայաստանի կապիտալի շուկան արտասահմանյան ներդրողների համար ավելի գրավիչ դարձնելու ուղղությամբ: Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանն արձագանքելով «Արմենպրես»-ի թղթակցի հարցմանը՝ նման կարծիք է հայտնել «Եվրասիական տնտեսական միության մեկ անդամ պետության բրոքերների և դիլերների՝ մյուս անդամ պետությունների բորսաների (առևտրի կազմակերպիչների) կազմակերպած սակարկություններին մասնակցելու թույլտվության մասին» համաձայնագրի ստորագրմանը հավանություն տալու վերաբերյալ ՀՀ կառավարության հուլիսի 24-ի որոշմանը:
«Հայաստանի ֆոնդային բորսան բարձր է գնահատում այն նախաձեռնությունները, որոնք ֆինանսական նոր գործիքներ և հնարավորություններ են ստեղծում երկրի կապիտալի շուկայի զարգացման համար: Նախագծի ընդունման դեպքում կխթանվի նոր ներդրողների ազատ և անարգել մուտքը հայաստանյան ֆինանսական շուկա՝ ապահովելով ավելի մեծ իրացվելիություն և գործարքների ծավալի աճ»,- նշեց Հայկ Եգանյանը:
Նրա գնահատմամբ՝ նախագծի իրագործումը հնարավորություն կտա լուծելու երկու հիմնական խնդիր.
- ՀՀ ֆոնդային բորսայում շրջանառվող պետական և կորպորատիվ արժեթղթերը դառնան հասանելի ԵԱՏՄ անդամ երկրների բրոքերների համար: Ակնհայտ է, որ ինչքան մեծ լինի բրոքերների թիվը բորսայում, այնքան բարձր կլինի հայկական շուկայի իրացվելիությունը։
- ԵԱՏՄ անդամ երկրների բորսաներում շրջանառվող արժեթղթերը հասանելի կլինեն ոչ միայն շուկայի խոշոր խաղացողներին, այլև ՀՀ քաղաքացիներին։
Հայկ Եգանյանն ընդգծեց, որ համաձայնագրի այս նախագիծը՝ Հայաստանի և Աբու Դաբիի բորսաների միջև համագործակցությանը (TABADUL HUB-ի միջոցով) զուգահեռ, ևս մեկ կարևոր քայլ է Հայաստանի կապիտալի շուկան արտասահմանյան ներդրողների համար ավելի գրավիչ դարձնելու ուղղությամբ։
Նշված համաձայնագրի նախագիծը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշմամբ հաստատվել է 2024 թվականի ապրիլի 29-ին։ Որոշման հիմնավորման համաձայն՝ այս փաստաթղթի կնքման անհրաժեշտությունը բխում է ԵԱՏՄ շրջանակներում միասնական ֆինանսական շուկա ստեղծելու նպատակից և դրա իրագործման միջոցառումներից մեկն է:
Ընդգծվում է, որ համաձայնագրի կնքումը հնարավորություն կտա ՀՀ ռեզիդենտ ներդրումային ծառայություններ մատուցող անձանց (բրոքերներին և դիլերներին) ձեռք բերել ԵԱՏՄ անդամ պետությունների բորսաներում շրջանառվող արժեթղթեր և ածանցյալ գործիքներ (այդ թվում՝ արժութային) ինչպես ՀՀ ռեզիդենտ, այնպես էլ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունների ռեզիդենտ հաճախորդների համար: Միևնույն ժամանակ, այն կապահովի ներդրումների ներգրավումը ՀՀ արժեթղթերի շուկա՝ ՀՀ բորսայում շրջանառվող արժեթղթերին ԵԱՏՄ անդամ պետությունների ներդրումային ծառայություն մատուցող անձանց հասանելիության տրամադրման միջոցով:
Համաձայնագրի նպատակն է ԵԱՏՄ անդամ պետությունների ոչ ռեզիդենտ հաճախորդների համար ապահովել անդամ պետությունների ֆոնդային բորսաներին հասանելիություն ոչ ռեզիդենտ դիլերների և ոչ ռեզիդենտ բրոքերների միջնորդությամբ: Վերջինս ենթադրում է, որ ոչ ռեզիդենտ բրոքերները (դիլերները) կկարողանան իրենց հաճախորդների համար (իրենց համար) առանց միջնորդների՝ ԵԱՏՄ անդամ պետությունների բորսաներից ձեռք բերել անդամ պետությունների բորսաներում առևտրի համար թույլատրված արժեթղթեր և ածանցյալ գործիքներ:
ՀՀ կառավարության 2021-26 թվականների ծրագրի «Գործարար և ներդրումային միջավայրի բարելավում» մասում նախատեսված է, որ գործարար և ներդրումային միջավայրի բարելավման համար Կառավարությունը քայլեր է ձեռնարկելու արժեթղթերի շուկայի ակտիվացման և զարգացման ուղղությամբ:
Կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի որոշմամբ հաստատված «Կապիտալի շուկայի զարգացման ծրագրի» համաձայն՝ որպես միջոցառում, նախատեսված է օտարերկրյա ներդրումային ծառայություններ մատուցող անձանց՝ ՀՀ շուկա ներգրավումը, իսկ որպես այդ միջոցառման արդյունք՝ ներդրումային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտ ընկերությունների, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրների, ներգրավում hայաստանյան շուկա։