Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Երանոսում դիտարկեց սուբվենցիոն ծրագրերի ընթացքը
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ դիտարկեց սուբվենցիոն ծրագրերի ընթացքը։
Նրանց ուղեկցում էին Երանոսի վարչական ղեկավար Սաշա Բավեյանը, Գեղարքունիքի մարզպետի և Մարտունու համայքնապետարանի աշխատակազմերի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուներ։
Այցի առաջին կանգառը Երանոսի 5-րդ, 9-րդ, 21-րդ, 22-րդ փողոցներում էր, որտեղ հիմնանորոգման ու ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։
Շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել է 2025 թվականի մայիսից։ 2025 թվականի հուլիսի 23-ի դրությամբ արդեն ամբողջությամբ ասֆալտապատված են բոլոր փողոցները՝1920 մետր երկարությամբ և 9240 քառակուսի մետր մակերեսով։
Նույն ծրագրի շրջանակներում Երանոսի թիվ 21 և 22 փողոցներում կառուցվել է 75 գծամետր երկարության հենապատ։
Երանոսի փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 116 միլիոն 652 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։