Գևորգ Պապոյանը աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզի Անի համայնքում

Գևորգ Պապոյանը աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզի Անի համայնքում
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզի Անի համայնքում: Այցին մասնակցել են նաև Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը, նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը, Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը և համայնքի ավագանու անդամներ։
Նախարարը այցելել է «Արթիկի ՓՀԿ» ՍՊԸ-ին պատկանող 12 հա տարածք, որտեղ գործում են երկու առանձին արտադրամասեր՝ «ՍՎԵՏ-ՏԵՔՍ» ՍՊԸ-ն, որն ունի շուրջ 1000 աշխատակից, զբաղվում է մանկական հագուստի արտադրությամբ և «Արթիկի ՓՀԿ», որն ունի 45 աշխատակից, այն գործունեություն է ծավալում ոչ միայն որպես դասական թելերի արտադրությամբ զբաղվող կառույց, այլև հիմնական շեշտը դրվում է կանաչ արդյունաբերության վրա։ Ներկայումս ընկերությունը վերամշակում է այլ տեքստիլ արտադրություններից առաջացող թափոնները՝ նոր կյանք տալով մանրաթելերին։
Լանջիկ բնակավայրում եղել է «Լանջիկի հարսներ» կարի դպրոց-արտադրամաս, որն այս պահին ունի 8 աշխատակից՝ թիվը նախատեսվում է մեծացնել։
Ընկերություններն օգտվել են պետության կողմից տրամադրվող մաքսատուրքից ազատման արտոնությունից և պետական լիզինգի գործիքակազմից՝ ինչն էապես օգնել է ավելացնել արտադրողականությունը։
Սառնաղբյուր բնակավայրում այցելել է ջրամբար, որի պատվարի անվտանգ շահագործման նպատակով նախագծերի ձեռքբերման համար Կառավարության որոշմամբ հատկացվել է 18 մլն դրամ։ Ջրամբարը ոռոգում է ավելի քան 2000 հա հողատարածք։ Այնուհետև նախարարը հանդիպել է տեղի բնակիչներին, լսել նրանց հուզող հարցերն ու խնդիրները, ներկայացրել պետության աջակցության գործիքակազմը։
Աշխատանքային այցն ավարտվել է Գուսանագյուղ բնակավայրում, որտեղ իրականացվել է 264 հա հացահատիկային մշակաբույսերի ցանք (ցորեն, գարի, վարսակ)՝ պետության կողմից իրականացվող բուսաբուծության աջակցության ծրագրի շրջանակներում։