Օրական բեռնատարների տասնյակ վարորդներ խուսափում են Սյունիքում կշռման գործընթացից. կառավարությունը լուծում է առաջարկում

Օրական բեռնատարների տասնյակ վարորդներ խուսափում են Սյունիքում կշռման գործընթացից. կառավարությունը լուծում է առաջարկում

Կառավարությունը Սիսիան համայնքում միջպետական ճանապարհի վրա տեսահսկման համակարգ ներդնելու որոշում կայացրեց:

Հիմնավորման մեջ նշվում է. «ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից 2022–ից մշտական վերահսկողություն է իրականացվում Սիսիան hամայնքում Մ-2 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհին տեղակայված ավտոմոբիլային սռնիների կշռման անշարժ հենակետում, սակայն պարզ է դարձել, որ օրական կտրվածքով տասնյակ վարորդներ խուսափում են կշռման գործընթացից, չեն ենթարկվում տեղադրված ճանապարհային նշանների պահանջներին։

Կշռման գործընթացից խուսափող վարորդների հետագա հայտնաբերումն և պատասխանատվության ենթարկելը սպառում է մեծածավալ մարդկային ռեսուրս և ժամանակ թե՛ Տեսչական մարմնից, և թե՛  ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։

Խնդրի լուծման նպատակով, անհրաժեշտ է նորարական տեխնոլոգիաների՝ տեսահսկման համակարգի ներդրումը, ինչը թույլ կտա ֆիքսել կշռման հենակետը շրջանցող տրանսպորտային միջոցի համարանիշերը և կկրճատի կատարվող հետագա աշխատանքների ծավալը։

Տեսչական մարմնի բնականոն գործունեությունը պատշաճ կազմակերպելու համար անհրաժեշտություն է առաջանալու կատարել գնման գործընթացի արդյունքում տնտեսված միջոցներից վերաբաշխում նույն միջոցառման պայմանագրի ֆինանսավորմանը, որի արդյունքում կբացահայտվեն կշռման հենակետը շրջանցող տրանսպորտային միջոցի համարիշները, և կկրճատվի կատարվող հետագա աշխատանքների ծավալը։