ԶՊՄԿ-ն հայկական ՏՏ ոլորտի արտադրանքի սպառողներից է և պատրաստ է փոխշահավետ համագործակցության․ Վարդան Ջհանյան

ԶՊՄԿ-ն հայկական ՏՏ ոլորտի արտադրանքի սպառողներից է և պատրաստ է փոխշահավետ համագործակցության․ Վարդան Ջհանյան

Սևանի ափին հուլիսի 20-ից 26-ը անցկացվում է ստարտափների մեծ համաժողովը, որը թվով 12-րդ է։ Համաժողովների շարքը մեկնարկել է 2016 թվականից և նախկինում նույնիսկ անցկացվել է ԱՄԷ-ում և Հնդկաստանում։ Sevan Startup Summit 2025-ը համարվում է տարածաշրջանի ամենախոշոր տարեկան հավաքույթը, որը նպաստում է ստարտափների աճին։ Բացօթյա ճամբարային միջոցառումը միավորում է հիմնադիրներին, ներդրողներին և ստարտափների սիրահարներին մեկշաբաթյա կապի և համագործակցության համար։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ի տարբերություն ավանդական կոնֆերանսների, Սևանի ստարտափ համաժողովն առաջարկում է հանգիստ, ոչ պաշտոնական միջավայր, որտեղ զրույցները տեղի են ունենում խարույկների շուրջ, իսկ գործարքները կնքվում են անմիջական միջավայրում։ Այս փորձի հիմքում ընկած է միկրո-աքսելերացիոն ծրագիրը, որը միտված է վաղ փուլի ստարտափների գործունեությունը խթանելուն, հետևաբար միջոցառումը ծառայում է որպես ներդրումների և գործընկերության գործնական հարթակ: 

Համաժողովը մեկնարկել է կրթական բաղադրիչով և մասնագիտացված ստարտափների համար նախատեսված կրթական ծրագրով։ Մասնակիցները բաժանված են երկու խմբերի՝ գաղափարի և աճման փուլերում գտնվող ստարտափներ։ Սկզբնական փուլում գտնվողների համար անցկացվում է ինկուբացիոն ծրագիր, իսկ աճման փուլում գտնվողների համար՝ միկրո-աքսելերացիոն ծրագիր, որոնք իրականացվում են բաց քննարկման պայմաններում։ Առանձնակի ուշադրության են արժանանում այն ստարտափները, որոնց հիմնադիրներն ուսանողներ են և իրենց գործունեությունը սկսել են ուսանողական տարիներից։   

Sevan Startup Summit 2025-ի պանելային քննարկումներից մեկին մասնակցեց նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը։ 
 
«Արմենպրես»-ի հետ զրույցում նա հայտնեց, որ հանքարդյունաբերության և ՏՏ ոլորտները փոխկապակցված են, հետևաբար ԶՊՄԿ-ի ներկայությունը տվյալ միջոցառմանը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ կոմբինատը ցանկանում է ամբողջությամբ թվայնացնել իր համակարգերը։  

«Այդ տեսանկյունից մեզ մոտ իրականացվում է բավականին խոշոր ծրագիր, որը հնարավորություն կտա ավելի արդյունավետ աշխատել և կառավարել, տեղեկություններն ավելի հրատապ և արդի եղանակներով ստանալ։ Կոնկրետ այս պանելային քննարկումը համաժողովի շրջանակում վերաբերում էր արևային էներգետիկայի խնդիրներին։ Մենք մասնակցեցինք, որովհետև ԶՊՄԿ-ն նպատակադրվել է որոշակի ժամանակահատվածում անցնել 100% վերականգնվող և գերաղբյուրներով արտադրվող էլեկտրաէներգիայի օգտագործման»,- ասաց Ջհանյանը։ 

Նրա տեղեկացմամբ՝ կոմբինատն արդեն իսկ հայտարարել է, որ այդ ճանապարհին առաջին քայլը լինելու է 100 մեգավատանոց սեփական արևային կայան ունենալը։ Ծրագիրն այժմ իրականացման փուլում է, որի շրջանակում շատ հետաքրքիր է մասնակցել վերականգնվող էներգետիկային առնչվող քննարկումներին։ 

«Հայաստանն, ի տարբերություն շատ երկրների, ունի բնական այնպիսի առավելություններ, որոնք թույլ են տալիս զարգացնել վերականգնվող էներգետիկան։ Դա արևային օրերի շատ քանակն է, բացի այդ՝ լեռնային գոտին հնարավոր է դարձնում զով կլիմայական պայմաններում ավելի արդյունավետ օգտագործել կայանները։ Հայաստանի ռելիեֆը նույնպես նպաստում է վերականգնվող էներգետիկայի զարգացմանը։ Այստեղ կարելի է տեղակայել նաև ջրային կուտակիչներ, որոնց միջոցով հնարավոր է արտադրված էլեկտրաէներգիայի ավելցուկը ցերեկային ժամերին կուտակել և օգտագործել երեկոյան ժամերին, երբ սպառումը հասնում է ավելի մեծ ծավալների»,- նշեց մեր զրուցակիցը։ 

Ջհանյանի հավաստմամբ՝ վերականգնվող էներգետիկան մեր երկրի համար ստեղծում է լրացուցիչ հնարավորություններ թե՛ տնտեսական առումով, քանզի տալիս է ավելի մատչելի և էժան էներգիա, թե՛ էներգետիկ անկախության առումով, քանզի Հայաստանը մեծ ծավալով ներկրում է էներգակիրներ՝ չունենալով նավթի ու գազի սեփական աղբյուրներ։  

Նյութն ամբողջությամբ՝  armenpress.am