Բանկային գաղտնիքը հետզհետե դադարելու է գաղտնիք լինել
Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն (ՊԵԿ) առաջարկում է փոփոխություններ կատարել «Բանկային գաղտնիքի մասին» և «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքներում, որի արդյունքում կստանա բանկային գաղտնիք համարվող տեղեկատվության հասանելիություն՝ առանց դատարանի որոշման, հարկային մարմնի հարցման հիման վրա։ Նախաձեռնությունը հանրային քննարկման էր ներկայացվել e-raft.am կայքում և առաջացրել փորձագիտական և բիզնես համայնքի մտահոգությունը։ ՏԼԱ-ն փորձել է ճշտել հիմնական խնդրահարույց պահերը և նախագծից բխող ռիսկերը։
Ներկա օրենսդրական կարգավորումներով՝ բանկն իր հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները հարկային մարմնին տրամադրում է միայն դատարանի որոշման հիման վրա: Այնինչ ՊԵԿ-ում կարծում են, որ բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները հարկային մարմնին կարող են տրամադրվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարկային մարմինը նույնպես հանդիսանում է գաղտնիք տնօրինող պետական մարմին։
Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է ՊԵԿ- ներկայացրած նախագծի հակիրճ բնութագրում, փաստաթղթի ընդունումը հնարավորություն կտա առավել պատշաճ, ամբողջական և բազմակողմանի հարկային հսկողություն իրականացնելու և տնտեսական հանցագործությունները բացահայտելու համար, հատկապես՝ ՀՀ ռեզիդենտեների և ոչ ռեզիդենտեների միջև կատարվող գործարքների արդյունքում հարկային պարտավորությունների պակաս հաշվարկման հանգամանքների վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելու համար։ Նախաձեռնության հեղինակները նշում են, որ հարկային մարմնի կողմից իրականացվող հարկային հսկողության ընթացքում տնտեսվարող սուբյեկտները կամ ֆիզիկական անձինք հաճախ հրաժարվում են ներկայացնել բանկային հաշիվների շարժերի, վարկային և ավանդի պայմանագրերի, գրավի առարկաների, երաշխավորների վերաբերյալ տեղեկությունները, ինչը երբեմն անհնարին է դարձնում հսկողական աշխատանքների նպատակների իրագործումը։ «Այսպիսով, համաձայն վերոգրյալի կարծում ենք, որ բանկային և ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունների հասանելիությունը գործնականում կարող է էական օգուտ տալ և առանցքային նշանակություն ունենալ հարկային հսկողության նպատակներին հասնելու համար», - ասվում է նախագծում:
Ո՞ւմ և ինչպե՞ս ստուգել, որոշելու է հարկային մարմնի ղեկավարը
Ըստ նախագծի, հարկային մարմինը համալիր հարկային ստուգումներ ծրագրելիս կամ այդ ստուգումներն իրականացնելիս գրավոր հարցմամբ դիմելու է հարկատուին՝ բանկային կամ ապահովագրական գաղտնիք կազմող եւ ստուգման ենթակա տեղեկություններ ստանալու նպատակով: Հարկային մարմին բանկային կամ ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրման կարգը, ձեւը եւ ցանկը սահմանելու է հարկային մարմնի ղեկավարը:
Այն դեպքերում, երբ հարկ վճարողը չի ներկայացնում բանկային կամ ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկություններ կամ սահմանված կարգով, ձեւով կամ ցանկով չի ներկայացնում նշված տեղեկությունները, հարկային մարմինը հարցումով դիմում է բանկ կամ ապահովագրական կազմակերպություն՝ բանկային կամ ապահովագրական գաղտնիք համարվող տեղեկություններ ստանալու համար՝ հարցմանը կցելով պահանջը հիմնավորող փաստաթղթերը: Բանկը կամ ապահովագրական կազմակերպությունը պարտավոր են բանկային կամ ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները տրամադրել օրինական հիմքերի առկայության դեպքում՝ հարցումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, կամ նույն ժամկետում տեղեկացնել հարկային մարմնին այն մասին, որ չի տիրապետում համապատասխան տեղեկատվությանը:
Նշվում է նաև, որ «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, արգելվում է բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակումը այն անձի, կազմակերպության, պետական մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից, ում այդ տեղեկությունները վստահված են եղել, հայտնի են դարձել նրա ծառայության կամ աշխատանքի կապակցությամբ կամ տրամադրվել են սույն օրենքով սահմանված կարգով:
Հարկային վարչարարության հեշտացո՞ւմ, թե՞ ֆինանսական շուկայի կայունություն
«Բանկային գաղտնիք համարվող տեղեկատվության տրամադրումը հղի է մի շարք ռիսկերով, որոնցից առանցքայինը վերաբերում է միջոցների հնարավոր արտահոսքին, ՀՀ-ից և բանկային համակարգի հանդեպ վստահության նվազմանը», - ejc.am-ի հետ զրույցում նշեց Բանկային կառավարման դպրոցի (BMS) հիմնադիր, «Ասիա-Խաղաղօվկիանոսյան բանկի» տնօրենների խորհրդի անդամ, տնտեսագետ Աշոտ Օսիպյանը։
«Իհարկե առաջարկվող փոփոխությունների արդյունքում բավականին հեշտանալու է ՊԵԿ-ի «կյանքը» հարկային վարչարարության իրականացման առումով։ Բայց մենք պետք է կշեռքի մի նժարին դնենք հարկային վարչարարության հեշտացումը հարկային ծառայողի համար, մյուսին՝ ֆինանսական շուկայի կայունությունը։ Չպետք է մոռանալ, որ ֆինանսական շուկայի կայունությունն այսօր՝ երբ մենք ապրում ենք համատարած տուրբուլենտության ժամանակաշրջանում` պայմանավորված ընդհանուր հետքովիդյան իրավիճակով, ռուս-ուկրաինական հակամարտությամբ, առավել քան կարևոր է։ Այս պայմաններում պետությունն ուղղակի պարտավոր է ամեն ինչ անել այդ կայունությունը պահպանելու համար», - ընդգծում է նա։
Փորձագետը հիշեցնում է, որ գործող օրենսդրությամբ արդեն իսկ հստակ կարգավորված են թե բանկային գաղտնիքի բացահայտման դեպքերը, և թե գործիքակազմը, ինչով պայմանավորված յուրաքանչյուր անձ պետք է գիտակցի, որ իր վերաբերյալ տեղեկատվությունը կարող է տրամադրվել պատկան մարմիններին օրենքում հստակ ամրագրված նախադրյալների առկայության պայմաններում։ «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հաճախորդի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները կարող են տրամադրվել երրորդ անձի միայն տվյալ հաճախորդի գրավոր թույլտվությամբ կամ դատարանի համապատասխան որոշման արդյունքում։ Վերջինս հարկային մարմնին տրամադրում է նման հասանելիություն միայն համապատասխան հայտի հիմնավորվածության համակողմանի ուսումնասիրության արդյունքում, իսկ հայտի բավարարման դեպքում՝ ծանուցում է այն անձին, որի վերաբերյալ ընդունվել է նման որոշում։ Գաղտնիության ապահովումը տվյալ դեպքում երաշխավորվում է պետության կողմից։ Դրանից ելնելով յուրաքանչյուր անձ վստահ է, որ իր հաշիվների վերաբերյալ տեղեկատվությունը չի դառնա հասանելի երրորդ անձի ընդամենը մեկ պաշտոնյայի պահանջով։ Հիմա ՊԵԿ-ն առաջարկում է շրջանցել արբիտր հանդիսացող այս օղակը», - նշում է Օսիպյանը։
Տնտեսագետը պնդում է, որ գործող կարգավորումների շրջանակում ՊԵԿ-ն արդեն իսկ տնտեսվարողի հարաբերությունները պետության հետ ստուգելու շրջանակներում իրավասու է նաև պահանջել անձի բանկային հաշվի քաղվածքը և, ըստ այդմ, հետևել նրա դրամական հոսքերի շարժին։
«Խնդրահարույց է նաև այն, որ նախագծում տրված ձևակերպումների անորոշ շրջանակներում հարկային մարմինը կարող է ցանկացած երևույթ գնահատել և մեկնաբանել յուրովի։ Դա նաև հնարավորություն է հարկային վարչարարության անվան տակ ստանալ տեղեկատվություն, որը ոչ միայն բանկային գաղտնիք է, այլ նաև առևտրային, որը կարող է հայտնվել մրցակցի ձեռքում։ Վերջին հանգամանքը խիստ հարվածում է բանկային գաղտնիք կոչվող ինստիտուտի հիմքերին, որն իր հեղինակությունը վաստակել և ձևավորվել է տասնամյակների ընթացքում»,- բացատրում է փորձագետը։
Աշոտ Օսիպյանի խոսքով «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքն ընդունվելու պահից ի վեր չեն դադարել դրա հիմքերը թուլացնելու փորձերը և ոտձնգություններն այդ ինստիտուտի ուղղությամբ։ Միգուցե այսօր, երբ Կառավարությունը բռնել է կանխիկի շրջանառության սահմանափակման ուղին, ՊԵԿ պաշտոնյաների համոզմամբ եկել է այդ նպատակին հասնելու ամենահարմար պահը, նշում է նա։ «Մինչդեռ իմ խորին համոզմունքն է, որ չի կարելի խաթարել բանկային գաղտնիքի ինստիտուտը, պետք չի փոխել գործող ընթացակարգը, իսկ բանկային համակարգն էլ փորձության տանել», - ընդգծում է Բանկային կառավարման դպրոցի (BMS) հիմնադիր Աշոտ Օսիպյանը։
Բանկային գաղտնիքը հարկային ծառայողի ձեռքերում
ՊԵԿ նախկին նախագահ, տնտեսագիտության թեկնածու Դավիթ Անանյանը համաձայն է՝ ռիսկեր կան։ Բայց և հավելում է՝ առաջարկվող փոփոխություններըվ կապված են Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Գլոբալ ֆորումի շրջանակում Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների իրականացման եւ տեղեկատվության փոխանակման ստանդարտների կիրարկումն ապահովելու հետ (Հայաստանը Գլոբալ ֆորումին միացել է 2015 թվականից-խմբ): «2016 թ-ին ՀՀ- ն միացավ հարկային վարչարարության մասին միջազգային կոնվենցիաներին՝ իր վրա վերցնելով պարտավորություններ բանկային գաղտնիքի վերաբերյալ տեղեկատվությունը աստիճանաբար հարկային վարչարարություն իրականացնող մարմիններին հասանելի դարձնելու ուղղությամբ։ Քաղաքականության առավել անցավ կիրարկումն ապահովելու համար դեռ տարիներ առաջ Հայաստանում ձևավորվել էր հանձնաժողով, որի կազմում ընդգրկված էին նաև Կենտրոնական բանկի և Արդարադատության նախարարության ներկայացուցիչները։ Նպատակն էր՝ այդ տեղեկատվության տրամադրումը կազմակերպել այնպիսի ընթացակարգերով, որպեսզի որևէ կերպ չվտանգվեր բանկային գաղտնիքը, չստվերվեր բանկային համակարգի հեղինակությունը և չխաթարվեին բիզնեսի և ֆիզիկական անձանց շահերը»,- նշում է նա։ Նախկին ՊԵԿ ղեկավարը դժվարանում է ասել, թե այդ ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ են իրականացվել վերջին երկու տարվա ընթացքում, բայց գտնում է, որ հարկային մարմնի այսօրվա քայլերը պետք է դիտարկել այդ տրամաբանության շրջանակներում։
Միևնույն ժամանակ, Դավիթ Անանյանը տեղին է համարում այն մտահոգությունը, որ բանկային գաղտնիք կազմող տեղեկատվությունը, որը նաև առևտրային գաղտնիք է, հայտնվելով հարկային ծառայողի տիրույթում, կարող է օգտագործվել անձի դեմ, մասնավորապես, նրա մրցակիցների կողմից, չնայած դա օրենսդրորեն արգելվում է, և հարկային ծառայողը ենթակա է պատասխանատվության, եթե նման քայլի գնա, նույնիսկ ծառայությունից ազատվելուց հետո։ «Այո, ցանկացած մարդ կարող է լինել անբարեխիղճ և այն պարտավորությունները, որ ստանձնել է, գաղտնիության նորմը, որի տակ ստորագրել է և պատասխանատվություն ստանձնել, կարող է և դրժել։ Բայց այդ դեպքում պետք է ոչ թե այս նախագիծը թիրախավորել, այլ ամրապնդել թե բացահայտման գործիքները և թե պատասխանատվության կանչելու միջոցները» - նշում է փորձագետը։ Ամեն դեպքում, ինչպես նշում է Անանյանը, պետք չէ ելնել այն կանխավարկածից, թե նման «սև բծերը» կրելու են մասսայական բնույթ, քանի որ դրանով իսկ մերժվում է անմեղության կանխավարկածի ինստիտուտը։ ՊԵԿ նախկին ղեկավարը վստահեցնում է, որ հարկային ծառայողը, նույնիսկ ծառայությունից հեռանալուց հետո շարունակում է լինել բարեխիղճ և ճնշող մեծամասնությունը հավատարիմ է մնում գաղտնիք պահելու իր իրավական պարտավորությանը։ «Իհարկե կլինեն նման դեպքեր, բայց մենք պետք է մտածենք ինչպես չեզոքացնել նման ռիսկերը, այլ ոչ թե բոլորին տեղավորենք մեկ ընդհանուր պրիզմայի ներքո», - եզրափակում է նա։
Ֆինանսները հակված են փախչելու դեպի առավել անցնցում միջավայր
«Իրականում միջազգային փորձը վկայում է, որ շատ երկրներում՝ հատկապես զարգացած, հարկային մարմիններն ունեն հասանելիություն բանկային գաղտնիք համարվող տեղեկատվությանը։ Բայց դա արվում է ընկալելի իրավակարգավորումների պայմաններում, որտեղ հստակեցված են թե դեպքերը և ձևաչափը նման տեղեկատվության տրամադրման, այնպես էլ պատասխանատվության միջոցները իրավունքների խախտման պարագայում։ Նման երկրներում անշեղորեն գործում է զսպումների և հակակշիռների համակարգը՝ որը նվազագույնի է հասցնում պետական մարմինների սուբյեկտիվիզմը։ Միայն այդ ամենի արդյունքում է հնարավոր բացառել կամայական որոշումների ընդունումը», - իր հերթին նշում է ֆինանսների նախկին նախարար, հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը։
Փորձագետը զգուշացնում է, ռիսկերի առկայության դեպքում ֆինանսները հակված են փախչելու դեպի առավել անցնցում միջավայր․ այն պահին, երբ բիզնեսը իրեն կզգա խոցելի սեփական եկամուտների պաշտպանության տեսանկյունից, ասենք, երբ ընդամենը մեկ չինովնիկի որոշմամբ նրանից կարող են պահանջել հիմնավորել եկամտի ստացման աղբյուրը, այն պարագայում, երբ այդ աղբյուրը պետական մարմինների համար տեսանելի է այլ գործիքակազմի կիրառմամբ։ Հեշտ տարբերակ ընտրելով՝ պետական մարմնի ներկայացուցիչը այդ հիմնավորման բեռը կարող է դնել անձի ուսերին, այլ ոչ թե պետության, ինչի արդյունքում մեծ է հավանականությունը, որ անձն իր միջոցների մի մասի շրջանառությունը կատարի այլ երկրի տնտեսական տարածքի միջոցով, օրինակ Վրաստանի՝ ավելորդ քաշքշուկների մեջ չընկնելու համար։ «Այս պարագայում խնդիրն այն չէ, որ դրամական միջոցները կարող է և չունենան ապօրինի ծագում, այլ այն, որ ևս մեկ պետական կառույցի տրվում է լրացուցիչ գործիք, որը կարող է դառնալ մահակ օրվա ռեժիմի համար անցանկալի անձի գլխին», - բացատրում է Արամյանը։
Ըստ այդմ, Արամյանի խոսքով, գաղափարի առումով նա խնդիր չի տեսնում, անհանգստացնող է համարում դրա կիրարկումը՝ հաշվի առնելով հայրենի իրավապահ համակարգի աշխատելաոճը և դատական համակարգի վարքագիծը։ «Այո, ՊԵԿ-ը պետք է ունենա բավարար գործիքակազմ, որպեսզի կարողանա արդյունավետ բացահայտել հարկային թաքցնումները։ Բայց ես վստահ չեմ, որ այն չի ստանա սուբյեկտիվ կիրառություն, ինչը մենք չենք կարող բացառել առկա հակակշիռների և զսպման մեխանիզմերի բացակայության պայմաններում», - եզրափակում է Վարդան Արամյանը։
Նշենք, որ ՊԵԿ- կողմից մշակված նախագիծը հանրային քննարկման էր ներկայացվել e-draft.am Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հուլիսի 6-ին և պետք է մնար այդ հարթակում մինչև հուլիսի 21-ը։ Հուլիսի 14-ին, երբ այն անսպասելի հանվել էր կայքից, նախագծին դեմ էին քվեարկել 123, կողմ - 10-ը։ Հուլիսի 15-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրեց, որ «Բանկային գաղտնիքի մասին» և կից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը հանվել է կայքից, քանի որ այն «հանրային քննարկման էր ներկայացվել կարծիքների և արձագանքների հավաքագրման նպատակով»: Ամեն դեպքում ՊԵԿ-ը չի հրաժարվում բանկային գաղտնիքին հասանելիություն ունենալու գաղափարից և, ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, բանկային գաղտնիքին առնչվող օրենքների նախագծերի փաթեթը հանրային քննարկման կներկայացվի լրամշակվելուց հետո։