ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ կառուցվող կրթօջախների շինարարության գործընթացը հիմնադրամի տեխհսկիչների խոշորացույցի տակ է
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) պատվիրատվությամբ կառուցվող կրթօջախների շինարարության գործընթացն արդեն հիմնադրամի տեխհսկիչների խոշորացույցի տակ է։ Հաճախ նրանց են միանում նաև համայնքների ղեկավարները։ Այս անգամ նրանց է միացել Անիի համայնքապետ Արման Սարիբեկյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՏԶՀ-ից։
Ըստ աղբյուր՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում ՀՏԶՀ պատվիրատվությամբ կառուցվում է Անի համայնքի Քարաբերդ բնակավայրի մանկապարտեզը։ Կառույցի հիմքը փորվել է, կատարվելու են ամրանավորման աշխատանքներ: 50 սանի համար նախատեսված մանկապարտեզը սպասված էր ինչպես Քարաբերդի, այնպես էլ հարակից բնակավայրերի համար:

«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում ընթացքի մեջ է նաև Անի համայնքի Ջրափիի միջնակարգ դպրոցի շինարարությունը։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 2 մլրդ 16 մլն դրամ։ Ջրափիի կրթահամալիրը կլաստերային է՝ նախատեսված 288 աշակերտի համար։
Ակտիվ շինաշխատանքներ են ընթանում նաև Շիրակավանի նորակառույց միջնակարգ դպրոցի շինհրապարակում: Եռահարկ կրթահամալիրը ևս կառուցվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ: Ծրագրի բյուջեն 1 մլրդ 995 մլն դրամ է՝ նախատեսված 288 աշակերտի համար:
Մարալիկում կառուցվող 150 տեղանոց մանկապարտեզում կատարվել են ամրանավորման աշխատանքներ, սպասում են բետոնալցմանը: