Գազայի հատվածում սննդի գներն աճել են 40 անգամ. ՄԱԿ-ի գործակալություն

Գազայի հատվածում սննդի գներն աճել են 40 անգամ. ՄԱԿ-ի գործակալություն
Գազայի հատվածում սննդի գներն աճել են 40 անգամ. մասնավորապես, շաքարի մեկ կիլոգրամն արժե 100 դոլար։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման ՄԱԿ-ի մերձավորարևելյան գործակալությունը:
Պարբերականը ներկայացնում է լուսանկար, որի համաձայն՝ 1 կիլոգրամ շաքարավազն արժե 100 դոլար, բրինձն ու ալյուրը՝ 30-ական դոլար։
«Մենք սովի մասին հուսահատ հաղորդագրություններ ենք ստանում Գազայից, այդ թվում՝ մեր գործընկերներից։ Պարենային ապրանքների գներն աճել են 40 անգամ, այնինչ Գազայից ոչ հեռու՝ պաղեստինցի փախստականների օգնության ՄԱԿ-ի մերձավորարևելյան գործակալության պահեստներում առկա պարենի պաշարները կարող են բավականացնել ամբողջ բնակչությանն ավելի քան երեք ամիս։ Գազայում տառապանքը պայմանավորված է մարդկային գործոնով, և այն պետք է դադարեցվի: Դադարեցրե’ք շրջափակումը և թույլ տվեք, որ հումանիտար օգնությունը հասնի անվտանգ և անհրաժեշտ ծավալով», - ասվում է գործակալության` X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ:
Պաղեստինյան կիսաէքսկլավի առողջապահության նախարարությունը հուլիսի 20-ին հայտնել է, որ վերջին մեկ օրում Գազայի հատվածում սովից մահացել է առնվազն 18 մարդ: