ԱԱՏՄ-ն գործատուներին հորդորում է պահպանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջները
Հաշվի առնելով Հայաստանի որոշ տարածքներում, մասնավորապես, Երևանում և Արարատյան դաշտում ջերմաստիճանի բարձրացման հանգամանքը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը գործատուներին հորդորում է պահպանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջները։
Տեսչական մարմինը հիշեցնում է՝ բարձր ջերմաստիճանի պայմաններում գործատուները պարտավոր են պահպանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 153-րդ հոդվածի պահանջները, որոնք սահմանում են աշխատողների առողջությանն ու անվտանգությանը սպառնացող պայմաններում աշխատանքների կատարման սահմանափակումները։
«Եթե աշխատավայրում ջերմաստիճանի բարձրացման հետևանքով ստեղծվում են աշխատողի առողջության համար վնասակար պայմաններ, գործատուն պարտավոր է
- ապահովել անվտանգ աշխատանքային պայմաններ,
- անհրաժեշտության դեպքում՝ փոխել աշխատաժամանակի ռեժիմը,
- տրամադրել հատուկ ընդմիջումներ կամ ապահովել աշխատավայրի ժամանակավոր տեղափոխում,
- ապահովել խմելու ջրով, հովացման միջոցներով և անհրաժեշտ տեխնիկական պայմաններով։
Կոչ ենք անում բոլոր գործատուներին ցուցաբերել բարձր պատասխանատվություն, ապահովել աշխատողների առողջության պաշտպանությունը, խստորեն հետևել օրենսդրական պահանջներին։
Հիշեցնում ենք, որ տեսչական մարմինը վերահսկում է օրենքի պահանջների կատարումը և խախտումների դեպքում կարող են կիրառվել վարչական պատասխանատվության միջոցներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։