Հետք․ «Ֆլայ Արնային» Ռուսաստանում դատի են տվել, բայց ծանուցումը չեն կարողանում տեղ հասցնել
Ռուսական «Պուլկովոյի բեռնային համալիր» ընկերությունը (АО “Грузовой терминал Пулково”) նախորդ տարի դատի է տվել «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ին (առավել հայտնի է որպես «Ֆլայ Արնա»), սակայն ՌԴ դատարանը տեւական ժամանակ չի կարողանում ծանուցել հայկական ավիաընկերությանը, ինչի հետեւանքով նիստերը հետաձգվում են:
Հայցվորը Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանի բեռնային համալիրը շահագործող ընկերությունն է, որի գործընկեր-հաճախորդներից է եղել «Ֆլայ Արնան»: Հիշեցնենք, որ վերջինս թռիչքներ էր կատարում 2022-ի հուլիսից մինչեւ 2024-ի հունվար, այդ թվում՝ նաեւ դեպի Սանկտ Պետերբուրգ: Ավիաընկերության նախկին աշխատակիցները «Հետքի» հետ զրույցում պատմել էին, որ Երեւան-Սանկտ Պետերբուրգ-Երեւան չվերթը մեծ պահանջարկ է ունեցել, այդ թվում՝ բեռ տեղափոխելու առումով:
2024 թ. հունիսի 7-ին, երբ հայկական փոխադրողը դադարեցրել էր գործունեությունը, ռուսական ընկերությունը դիմել է Սանկտ Պետերբուրգի եւ Լենինգրադի մարզի արբիտրաժային դատարան՝ պահանջելով պարտավորեցնել հայկական ավիաընկերությանը վճարել 6808 դոլար պարտքը: Սեպտեմբերի 2-ին դատարանը վարույթ է ընդունել գործը եւ կողմերին հանձնարարել մինչեւ հոկտեմբերի 14-ը ներկայացնել համապատասխան փաստաթղթեր, մասնավորապես՝ պատասխանող «Ֆլայ Արնան» պետք է գրավոր արձագանք ներկայացներ իր դեմ հայցին՝ իրավական հիմնավորմամբ եւ առարկությունը հաստատող բոլոր ապացույցներով:
Սակայն հոկտեմբերի 21-ին կայացած դատական նիստին հայցվոր կողմը ներկա չի եղել, բացի դրանից՝ պարզվել է, որ պատասխանողը չի ծանուցվել նիստի մասին: Արբիտրաժային դատարանը նիստը հետաձգել է մինչեւ դեկտեմբեր, իսկ այդ ընթացքում դիմել է Երեւանի քաղաքացիական դատարանին, որպեսզի վերջինս ծանուցումը հանձնի «Ֆլայ Արնային»: Դեկտեմբերի 23-ին հայցվորը կրկին չի ներկայացել դատական նիստին, իսկ պատասխանողը մնացել է չծանուցված: ՌԴ արբիտրաժային դատարանը գործի քննությունը հետաձգել է մինչեւ 2025 թ. ապրիլի 14-ը:
Նկատենք, որ այդ ընթացքում՝ 2024-ի սեպտեմբերի 2-ին, ՀՀ սնանկության դատարան էր դիմել իռլանդական Impact Aviation Services Limited-ը («Ֆլայ Արնայի» օդանավերի վարձատուն)՝ պահանջելով սնանկ ճանաչել հայկական ավիաընկերությանը: 2025 թ. հունվարի 27-ին վերջինս դատարանի վճռով սնանկ է ճանաչվել: Ավելի ուշ՝ մայիսի 12-ին, Սնանկության դատարանը հաստատել է «Ֆլայ Արնայի» պարտատերերի 42 պահանջների վերջնական ցուցակը: Դրանց մեջ «Պուլկովոյի բեռնային համալիր» բաժնետիրական ընկերության պահանջը բացակայում է:
Ապրիլի 14-ին կայացած նիստում ՌԴ արբիտրաժային դատարանը նորից արձանագրել է հայցվորի բացակայությունն ու այն հանգամանքը, որ պատասխանող «Ֆլայ Արնան» դեռեւս չի ծանուցվել իր դեմ ներկայացված հայցի եւ դատական նիստի մասին: Հերթական անգամ ՌԴ դատարանը գործի քննությունը հետաձգել է մինչեւ հուլիսի 28-ը:
«Ազդարար» համակարգից տեղեկանում ենք, որ Երեւանի քաղաքացիական դատարանը, ի կատարումն ՌԴ արբիտրաժային դատարանի հանձնարարության, երկու անգամ՝ մայիսին եւ հուլիսին, «Ֆլայ Արնային» ծանուցել է դատարանի Արաբկիրի նստավայր ներկայանելու մասին: Սակայն «Ֆլայ Արնային» ուղղված ծանուցումները որեւէ արդյունք չեն տալու, քանի որ վերջինս վաղուց լքել է այն հասցեն («Զվարթնոց» օդանավակայանի նախկին VIP շենքը), որտեղ գործում էր եւ իրավաբանորեն գրանցված էր:
Ամբողջությամբ՝ hetq.am