Փոխվարչապետի գրասենյակը զբաղվում է ջրամատակարարման խափանումներով. Ավինյան
Թեպետ «Վեոլիա ջուր» ընկերությունը, Ջրային կոմիտեի մեր գործընկերներն ունեն հիմնավորումներ և բացատրություններ, մեզ արդեն իսկ պետք են լուծումներ: Այդ մասին, այսօր՝ հուլիսի 18–ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով քաղաքացիների դժգոհություններին՝ կապված Երևանի ջրամատակարարման հետ:
Քաղաքապետն ասաց, որ համաձայն է երևանցիների դժգոհությունների և մտահոգությունների հետ, ապա նկատեց, որ ջրամատակարարման հետ կապված խնդիրները սրվում են հատկապես ամռան ամիսներին:
«Գիտեմ, որ Կառավարությունը զբաղվում է հարցով, փոխվարչապետի գրասենյակը զբաղվում է հարցով, և ես հուսով եմ, որ այդ լուծումները օր առաջ կհասունանան և կիրականացվեն, որովհետև իրավիճակը գնալով ավելի ու ավելի է սրվում»,- ասաց նա: