ՌԴ արտահանվող կոնյակի շրջանառությունն առաջիկա տարիներին կկրճատվի երեք անգամ. փորձագետ
«Ռուսաստան արտահանվող կոնյակի տարեկան շրջանառությունը կազմում է 300 մլն դոլար, և այդ շրջանառության մի մասը մենք կորցնում ենք ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (SEPA) արդյունքում՝ հրաժարվելով «կոնյակ» բառից և անցնելով բրենդիի կատեգորիայի, որն ավելի քիչ արժեքավոր ապրանք է, քան կոնյակը։ Այս մասին NEWS. am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը։
Նա հիշեցրեց, որ այդ որոշումը կայացվել էր դեռևս 2013 թվականին, երբ ստորագրվեց համաձայնագիրը:
«Բացի այդ, Ռուսաստանը նաև խստացնում է ներմուծման պահանջները ՝ սեփական արտադրությունը զարգացնելու նպատակով։ Այս ամենը կհանգեցնի նրան, որ ՌԴ արտահանվող կոնյակի շրջանառությունն առաջիկա տարիներին կկրճատվի մինչև 100 մլն դոլար», - նշեց Հարությունյանը։
Փորձագետը հայտնեց, որ Հայաստանից արտահանվող գինիների շրջանառությունը կազմում է 15 մլն դոլար, որից 13 մլն դոլարը բաժին է ընկնում Ռուսաստանին:
«Ընդ որում, եթե Ռուսաստանում մեկ լիտր գինին մենք վաճառում ենք միջինը 3,5 դոլարով, ապա Եվրոպայում ՝ նվազագույնը 6 դոլարով»,- ասաց Հարությունյանը։
Նրա գնահատմամբ ՝ Հայաստանում կոնյակի և գինու արտադրությունը նվազում է։
«Եվ դրա համար կան օբյեկտիվ պատճառներ։ Դրանցից մեկը ռուս-ուկրաինական հակամարտությունն է, որի արդյունքում մենք կորցնում ենք ուկրաինական շուկան։ Բացի այդ, եվրոպական շուկան կրճատվում է գների ընդհանուր աճի պատճառով։ ԱՄՆ-ում նույնպես գինու սպառման ծավալների նվազում է նկատվում», - հավելեց փորձագետը։
Հարությունյանի խոսքով, ռուսական շուկա մատակարարվող հայկական կոնյակի մասին անհիմն հայտարարությունը բացասական տպավորություն կստեղծի ռուս սպառողների մոտ։