Քննարկվել են Վանաձորի ներհամայնքային երթուղիների սպասարկմանը վերաբերող հարցեր

Քննարկվել են Վանաձորի ներհամայնքային երթուղիների սպասարկմանը վերաբերող հարցեր
Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանն այսօր խորհրդակցություն էր հրավիրել Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների, Վանաձորի համայնքապետարանի առևտրի սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Արման Մովսիսյանի, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի, Վանաձորի ներհամայնքային երթուղիները սպասարկող կազմակերպությունների ներկայացուցիչների, ղեկավարների մասնակցությամբ:
Հ. Ավետիսյանը նշել է, որ հանրության կողմից բազմաթիվ դժգոհություններ կան ներհամայնքային երթուղիների սպասարկման հետ կապված:
Նա մասնավորապես անդրադարձել է աշխատանքի ընթացքում վարորդների փոփոխության, վերջիններիս՝ համապատասխան վարորդական իրավունք ունենալու, ժամային գրաֆիկների խախտումների դեպքերին՝ տեղեկացնելով, որ համապատասխան ծառայությունների կողմից այս ուղղությամբ խիստ վերահսկողություն է սահմանվելու:
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակին և մի շարք այլ խնդիրների:
Կարևորվել է ներհամայնքային կանոնավոր փոխադրումները կանոնակարգելու, ներհամայնքային փոխադրումների համակարգում բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ առավել ինտենսիվ աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությունը:
Տրվել են հանձնարարականներ: