«Փաստ». Պետության թիրախում այս անգամ կառուցապատողներն են
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները կարծես հետևողականություն են դրսևորում՝ սեփական ձեռքով ոչնչացնելու երկրի ներդրումային միջավայրը։ Հերթական անգամ թիրախում են հայտնվել կառուցապատողները՝ անշարժ գույքի շուկայում ակտիվ տնտեսվարողները, որոնք վերջին տարիներին դարձել են հազարավոր աշխատատեղերի, քաղաքաշինական զարգացման ու հարկային մուտքերի հիմնական աղբյուրներից մեկը։ Սակայն փոխանակ աջակցելու այս ոլորտին՝ իշխանությունները հերթական անգամ հարվածում են ամենաանարդար և հակաբիզնես մեխանիզմով. նրանք պահանջում են գույքահարկ վճարել շինարարության փուլում գտնվող, այսինքն՝ դեռևս չկառուցված ու չավարտված շենքերի համար, ինչը աբսուրդի ժանրից է։
Խոսքն այն շենքերի մասին է, որոնք չունեն ավարտական ակտ, այսինքն՝ որպես գույք գրանցված չեն։ Բայց իշխանությունները, հենվելով վիճելի ու հակասահմանադրական օրենսդրական փոփոխությունների վրա, սկսել են հարկեր պահանջել նաև այդ շենքերից, այսինքն՝ փաստացի ոչնչից՝ հիմնվելով արհեստական մեխանիզմների վրա։ Ստացվում է՝ կառուցապատողը դեռևս չի ավարտել շենքի շինարարությունը, բայց իշխանությունները արդեն հաշվարկում են, թե իբր այն 100 % պատրաստ է, և պահանջում են համապատասխան գույքահարկ վճարել։
Մասնագետների հավաստմամբ, այս քաղաքականությունը բազում վտանգներ է պարունակում իր մեջ։ Նախ՝ այն ունի հետադարձ ուժ, ինչը հակասում է տնտեսական կանխատեսելիության և իրավական որոշակիության սկզբունքներին։ Այսինքն, երբ բիզնեսը ներդրում է արել տարիներ առաջ՝ գործող օրենսդրության պայմաններում, այժմ պետությունը խաղի մեջ է մտցնում նոր կանոններ և դրանք տարածում նաև անցյալում մեկնարկած ծրագրերի վրա։ Սա ոչ միայն անարդար է, այլ նաև անմիջական հարված է հասցնում վստահությանը պետության ու բիզնեսի միջև։
Երկրորդ՝ կիրառվող ֆինանսական բեռը երկակի է։ Կառուցապատողներն արդեն վճարում են հսկայական տեղական տուրքեր շինարարության թույլտվությունների երկարաձգման համար։ Հիմա իշխանությունները նրանց պարտադրում են նաև գույքահարկ վճարել այն գույքի համար, որը դեռևս կառուցված չէ։ Դա արդեն խախտում է ողջամտության սահմանները։»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում