Եվրապարտատոմսերը հասանելի են Հայաստանի ֆոնդային բորսայում

Եվրապարտատոմսերը հասանելի են Հայաստանի ֆոնդային բորսայում

Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) տեղեկացնում է, որ 2025 թվականի հուլիսի 8-ից թույլատրվել է ավելի քան 502 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով ՀՀ անունից թողարկված XS3020792696 ծածկագրով եվրապարտատոմսի առևտուրը բորսայի առևտրային համակարգում` նոր հնարավորություններ ստեղծելով տեղական ներդրողների համար։

Պարտատոմսերն ունեն 10 տարվա մարման ժամկետ և 6.75% տարեկան արժեկտրոնային եկամտաբերություն։ Համեմատության համար՝ բորսայում շրջանառվող մյուս երկու պետական եվրապարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 3.6% և 3.95%։ Նշենք, որ տարեկան եկամտաբերության այս զգալի տարբերությունը պայմանավորված է հիմնականում ուղենիշ հանդիսացող ԱՄՆ գանձապետական պարտատոմսերի եկամտաբերության աճով։

Արժեկտրոնային վճարումները կատարվելու են կիսամյակային պարբերականությամբ՝ յուրաքանչյուր տարվա մարտի 12-ին և սեպտեմբերի 12-ին։ Պարտատոմսերով գործարքի նվազագույն ծավալը սահմանվել է 200,000 ԱՄՆ դոլար, պատիկի չափը՝ 1,000 ԱՄՆ դոլար։

Թողարկողը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության։ Պարտատոմսերը տեղաբաշխվել են այս տարվա մարտի 12-ին։ Գլխավոր տեղաբաշխողներն են Citigroup, Credit Agricole և J.P.Morgan ընկերությունները։ ՀՀ վերոնշյալ եվրապարտատոմսերը ցուցակված են Լոնդոնի ֆոնդային բորսայում։

ՀՀ եվրապարտատոմսերը առաջին անգամ թույլատրվել են բորսայական առևտրին 2014 թվականին, այնուհետև՝ 2015-ին, 2019-ին և 2021-ին։ Այս նախաձեռնությունը հերթական քայլն է Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման և միջազգային ֆինանսական գործիքները տեղական ներդրողներին հասանելի դարձնելու ուղղությամբ։ AMX-ը շարունակելու է գործադրել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ապահովելու գործիքների բազմազանություն և ներդրումային միջավայրի գրավչություն։

ՀՀ եվրապարտատոմսեր ձեռք բերելու համար հետաքրքրված անձինք կարող են դիմել Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ կազմակերպություններին։