ԱՄՆ Կոնգրեսում անցկացվել է քննարկում՝ նվիրված արցախահայության հավաքական վերադարձը կազմակերպելու նախաձեռնությանը. Վիդեո

ԱՄՆ Կոնգրեսում, հուլիսի 8-ին, անցկացվել է կոնգրեսական բրիֆինգ՝ նվիրված բռնի տեղահանված արցախահայության հավաքական և պաշտպանված վերադարձը կազմակերպելուն միտված շվեյցարական խաղաղության նախաձեռնությանը։
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից հայտնում են, որ ավելի քան 200 մասնակիցներ՝ Կոնգրեսի աշխատակիցներ, մարդու իրավունքների պաշտպաններ, նախկին դիվանագետներ ու փորձագետներ մասնակցել են միջոցառմանը, որի բանախոսներն էին Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավորներ Էրիխ Ֆոնտոբելը և Լուկաս Ռեյմանը, Միջազգային քրիստոնեական համերաշխություն կազմակերպության նախագահ Ջոն Էյբները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Բանախոսությունը բացել է կոնգրեսական Քրիս Սմիթի գրասենյակի ղեկավար Մարկ Միլոշը։ Բանախոսներից յուրաքանչյուրն անդրադարձել է արցախահայության վերադարձի իրավունքի իրավական, դիվանագիտական և հումանիտար ասպեկտներին։
Իր հերթին՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է․«Իրական խաղաղությունը՝ կայուն և երկարաժամկետ, չի կարող Հայաստանի վրա պարտադրվել զենքի սպառնալիքով՝ մարդու իրավունքների, միջազգային իրավունքի և Արցախի բնիկ հայկական բնակչության հաշվին։ Այսպես կոչված «խաղաղության պայմանները», որոնք այժմ պարտադրվում են Երևանին՝ որպես միակողմանի հնազանդություն ցեղասպանական Ադրբեջանին, պետք է մերժվեն։ Անհրաժեշտ է ձևավորել նոր խաղաղություն՝ հիմքում ունենալով արցախահայության ապահով վերադարձն իրենց հայրենիք»։
Շվեյցարացի պատգամավոր Էրիխ Ֆոնտոբելը ներկայացրել է նախաձեռնության ծագումը որպես անձնական պարտավորություն, որը նա ստանձնել էր 2024 թվականին՝ Հայաստան կատարած այցելության ընթացքում, հանդիպելով Արցախից տեղահանված անձանց․ «Մի կին ցույց տվեց ինձ իր նախկին տան տեսանյութը, որն այժմ օկուպացված է։ Այդ տեսարանը կոտրեց իմ սիրտը։ Այդ պահին ես հասկացա՝ պետք է գործեմ։ Խոստացա նրան ու մյուս փախստականներին, որ կօգնեմ»։
Ֆոնտոբելը ընդգծել է նախաձեռնության չեզոք և համապարփակ բնույթը․ «Շվեյցարական խաղաղության նախաձեռնությունը ԱՄՆ-ին հնարավորություն է տալիս աջակցել խաղաղությանը՝ առանց անմիջական ռիսկ կրելու։ Մենք՝ շվեյցարացիներս, չեզոք ենք և ունենք փորձ ու վստահություն՝ նման հարթակներ կազմակերպելու գործում։ Այժմ մեզ պետք է միջազգային լայն աջակցություն՝ հատկապես ԱՄՆ-ի կողմից»։
Պատգամավոր Լուկաս Ռեյմանն ընդգծել է՝ Ադրբեջանի գործողությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքը։ Նա, մասնավորապես, նկատել է․ «Արցախցի հայերի վտարումը միջազգային հումանիտար իրավունքի լուրջ խախտում է։ Շվեյցարիայի արտգործնախարարությունն իր կայքում հստակ նշում է, որ «քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները» և «բնակչության ապօրինի տեղահանումը» պատերազմական հանցագործություններ են»։ Նա նաև հավելել է, որ ԵԱՀԿ-ն կարող է կարևոր դեր խաղալ, հատկապես հաշվի առնելով, որ Շվեյցարիան 2026 թվականին ստանձնում է կառույցի նախագահությունը․ «ԱՄՆ-ը կարող է օգնել վերակենդանացնել Մինսկի խումբը՝ նպաստելով հարկադիր տեղահանվածների վերադարձին։ Սա է կայուն խաղաղության հիմքը»։
Միջազգային քրիստոնեական համերաշխություն կազմակերպության նախագահ Ջոն Էյբները նկարագրել է էթնիկ զտումը որպես միտումնավոր քաղաքականության վերջնակետ, որը հետապնդում էր Արցախի բնակչությանը՝ սովի և ահաբեկման թուլացմամբ․ «Ադրբեջանը ռազմական հարձակում սկսեց՝ որպես ինը ամիս տևած շրջափակման գագաթնակետ։ Շրջափակման նպատակն էր բնակչությանը սովի միջոցով ուժասպառ անելը։ Արդյունքում՝ տեղի ունեցավ Արցախից հայ քրիստոնյաների էթնո-կրոնական զտում»։ Էյբներն ընդգծել է․ «Շվեյցարական խաղաղության նախաձեռնությունը ԱՄՆ-ին հնարավորություն է տալիս՝ հարգելու իր նախկին խոստումները և նպաստելու կայուն խաղաղությանը։ Դա նաև հնարավորություն է՝ օգնելու կանգնեցնել աշխարհի ամենահին քրիստոնեական համայնքներից մեկի հանդեպ իրականացված էթնո-կրոնական զտումը»։
Հայաստանի Հանրապետության նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որը ներկայումս համակարգում է «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը», շեշտել է․ «միջազգային հանրությունը պետք է հարգի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումները և առաջ տանի վերադարձի պայմանները՝ հիմնված իրավունքների ու երաշխիքների վրա։ Սա պարզապես տեղական կամ էթնիկ խնդիր չէ։ Սա մարտահրավեր է՝ ուղղված միջազգային կարգին և մարդու իրավունքների նկատմամբ արևմտյան հանձնառությունների արժանահավատությանը»։ Նա հավելել է․ «Շվեյցարական հարթակը կողմեր ընտրելու մասին չէ։ Դա չեզոք, սկզբունքային հարթակ է՝ որտեղ լռեցված ձայները կարող են լսվել, և որտեղ Ադրբեջանն ու Արցախի հայերը կարող են համատեղ ելք գտնել»։
Ֆոնտոբելի, Ռեյմաննի, Էյբների և Օսկանյանի պատվիրակությունը ժամանել էին Վաշինգտոն՝ մի շարք բարձր մակարդակի հանդիպումների նպատակով՝ պետդեպարտամենտի, Կոնգրեսի և մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև հիշյալ կոնգրեսական բրիֆինգին մասնակցության համար։
Կոնգրեսական բրիֆինգի ամբողջական տեսանյութը հասանելի է Հայ դատի Ամերիկայի գրասենյակի YouTube ալիքում՝ հետևյալ հղմամբ։