Քննարկվել է ԵԱՏՄ-ի շրջանակներում արդյունաբերական նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմը

Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում՝ «Եկատերինբուրգ-Էքսպո» միջազգային ցուցահանդեսային կենտրոնում, ընթանում է «Իննոպրոմ‑2025» միջազգային արդյունաբերական եռօրյա ցուցահանդեսը:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Գոհար Բարսեղյանը նշել է, որ «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ֆորումի գործարար ծրագրի շրջանակում նկատվում է հետաքրքրության կայուն աճ Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական համագործակցության ֆինանսավորման մեխանիզմի նկատմամբ։
Նախարարի խոսքով՝ հայտերի թվի աճը վկայում է այդ մեխանիզմի պահանջարկի և արդյունավետության մասին՝ տնտեսական ինտեգրման ամրապնդման, ինչպես նաև նոր արտադրական կապերի ձևավորման առումով։
«Հայաստանի Հանրապետությունը ևս ակտիվորեն մասնակցում է այս մեխանիզմի շրջանակում իրականացվող նախագծերին։ Հայաստանը զգալի գիտատեխնիկական ներուժ ունի բարձր տեխնոլոգիական ոլորտներում, ինչպիսիք են միկրոէլեկտրոնիկան, տեղեկատվական տեխնոլոգիաները, կենսատեխնոլոգիաները և այլն:
Բարսեղյանը հավելել է նաև, որ նման ձևաչափով համագործակցությունը դառնում է տեխնոլոգիական առաջընթացի և արդյունաբերության կայուն զարգացման կարևոր խթան ԵԱՏՄ տարածքում։
«Իննոպրոմ» արդյունաբերական ցուցահանդեսը միջազգային հարթակ է նոր պատվիրատուների, մատակարարների, գործընկերների և ներդրողների որոնման համար։
Ցուցահանդեսի հիմնական նպատակը խոշոր ռուսական և արտասահմանյան ընկերությունների, նորարարական փոքր և միջին բիզնեսի, ֆինանսական հաստատությունների, իշխանությունների, գիտական և փորձագիտական հանրության ջանքերի համատեղումն է՝ նոր տեխնոլոգիաների ու մշակումների ներդրման և առևտրայնացման նպատակով։