Ֆինանսական շուկայի մասնակիցների մակրոտնտեսական սպասումների վերաբերյալ նոր հարցումները հասանելի են ԿԲ կայքում

Ֆինանսական շուկայի մասնակիցների մակրոտնտեսական սպասումների վերաբերյալ նոր հարցումները հասանելի են ԿԲ կայքում

ՀՀ կենտրոնական բանկը դրամավարկային և ֆինանսական կայունության քաղաքականությունների շրջանակում, իրականացում է եռամսյակային հարցումներ՝ նպատակ ունենալով գնահատել ֆինանսական համակարգի սպասումները մակրոտնտեսական իրավիճակի վերաբերյալ և կիրառել այդ տեղեկությունը քաղաքականությունների ձևավորման և իրականացման գործընթացում։

Հաշվի առնելով, որ հարցումների արդյունքներն իրենց արդիականությամբ հետաքրքիր են նաև այլ շահագրգիռ կողմերի՝ որոշում է կայացվել այդ տվյալների համառոտ արդյունքները հրապարակել եռամսյակային պարբերականությամբ ԿԲ պաշտոնական կայքում՝ «Վիճակագրություն» բաժնի «Վիճակագրական հարցումներ» ենթաբաժնում, «Մակրոտնտեսական ցուցանիշների սպասումների վերաբերյալ ֆինանսական շուկայի մասնակիցների հարցում» վերնագրով։

Հարցումները մեկնարկել են 2017 թվականի երկրորդ եռամսյակից՝ իրականացվելով տվյալ եռամսյակի վերջին ամսում մինչև 2023 թվականի չորրորդ եռամսյակը։ 2024 թվականից հարցումների ժամանակացույցը համապատասխանեցվել է դրամավարկային քաղաքականության գործիքների տոկոսադրույքների սահմանման ժամանակացույցի հետ՝ ապահովելով, որ հարցումների արդյունքները հասանելի լինեն մինչև համապատասխան նիստերի մեկնարկը։

Հարցումների շրջանակում ուսումնասիրվում են ֆինանսական կազմակերպությունների սպասումները հետևյալ մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ՝

  • Գնաճ (%)
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույք (%)
  • Տնտեսական աճ (%)
  • ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեք (AMD/USD)

Բացի այդ, յուրաքանչյուր տարվա չորրորդ եռամսյակում ուսումնասիրվում են ֆինանսական կազմակերպությունների սպասումները տնտեսության հաջորդ 12 եռամսյակների ընթացքում՝ մասնավորապես՝ «Գյուղատնտեսություն», «Արդյունաբերություն», «Շինարարություն» և «Ծառայություններ» ճյուղերի տնտեսական աճի, անշարժ գույքի գների փոփոխության, ինչպես նաև գործազրկության մակարդակի վերաբերյալ:

Հարցմանը մասնակցում են ՀՀ ֆինանսական համակարգի հիմնական դերակատարները՝ բանկեր, վարկային կազմակերպություններ, ապահովագրական ընկերություններ, ներդրումային ընկերություններ և ներդրումային ֆոնդերի կառավարիչներ։

Հարցումների ամփոփ արդյունքներին կարող եք ծանոթանալ ԿԲ պաշտոնական կայքում՝ հետևյալ հղմամբ՝ Վիճակագրական հարցումներ