Ամփոփվել են Եղեգիս համայնքի բնակավայրեր կատարած այցերի արդյունքները

Եղեգիս համայնքի վարչական կենտրոն Շատինում ամփոփվել են ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի գլխավորած աշխատանքային խմբի՝ Եղեգիս համայնքի բնակավայրեր կատարած այցերի արդյունքները։
Ամփոփում-քննարկմանը մասնակցել են մարզպետ Կոլյա Միքաելյանը, Եղեգիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ահարոն Գաբրիելյանը,աշխատանքային խմբի անդամները, համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցները։
Մարզպետը ներկայացրել է, որ աշխատանքային խմբի այցերն ունեցել են երկու կարևոր նպատակ, այն է՝ հնարավորություն ստեղծել բնակիչների համար իրենց մտահոգող հարցերը պատկան մարմիններին ներկայացնել անմիջական և ուղիղ շփումների ձևաչափով և տեղում ծանոթանալ խնդիրները, ինչպես նաև իրազեկման աշխատանքների կարևորության համատեքստում հանրության լայն շրջանակներին ներկայացնել ՀՀ կառավարության՝ տարբեր ոլորտներում սահմանած առաջնահերթությունները, դրանց իրագործման արդյունքները ընդհանրապես և մարզի համար մասնավորապես։
Այնուհետև մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները ներկայացրել են բարձրացված հարցերի լուծման արդյունքները կամ ընթացիկ վիճակը, ինչպես նաև անդրադարձել քաղաքաշինության, գյուղատնտեսության, առողջապահության, սոցիալական ոլորտի, սուբվենցիաների, տուրիզմի, բնակիչ-ՏԻՄ-մարզպետի աշխատակազմ հարաբերությունների ամրապնդման և արդյունավետության բարձրացման խնդիրներին։
Աշխատանքային խմբի այցերի ժամանակ արձանագրվել է շուրջ 70 հարց, որոնք կրել են և՛ անհատական բնույթ, և՛ ընդհանրական բնույթ (առնչվել են բնակավայրին, համայնքին, մարզին)։

Առաջին դեպքում քաղաքացու հետ պահպանվել է հետադարձ կապ խնդրի կարգավորման ընթացքի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու համար, երկրորդ պարագայում իրավասության շրջանակներում տրվել են խնդիրների լուծումներ կամ ներկայացվել դրանց լուծման մեխանիզմները (սուբվենցիոն ծրագրեր, պետական ծրագրեր, ներդրումներ և այլն)։
Ամփոփելով աշխատանքային խմբի գործունեության արդյունքները՝ մարզպետ Կոլյա Միքաելյանը նշել է , որ այս ձևաչափով հանդիպումները ավելի են նպաստում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքների թափանցիկությանը և հաշվետվողականությանը, մեծացնում քաղաքացու վստահությունը հանրային իշխանությունների աշխատանքի նկատմամբ, բարձրացնում բնակիչների իրազեկվածության մակարդակը։