«Մետա գոլդ» ՍՊԸ-ն մտադիր է ուսումնասիրել Գլաձորի բազմամետաղային հանքավայրը՝ հետագա արդյունահանման նպատակով

«Մետա գոլդ» ՍՊԸ-ն նախատեսում է Վայոց ձորի մարզի Գլաձորի բազմամետաղային հանքավայրի տարածքում իրականացնել օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ուսումնասիրության աշխատանքներ: Այդ նպատակով ընկերությունը 2025թ․ հուլիսի 7-ին` ժամը 18:00-ին, Եղեգնաձոր բնակավայրի մշակույթի տան դահլիճում նախաձեռնել է գործունեության վերաբերյալ առաջին հանրային քննարկումը:
Ըստ ՀՀ կառավարության Էլեկտրոնային ռեգիստրի՝ «Մետա գոլդ» ՍՊԸ-ն ստեղծվել է վերջերս՝ 2025թ․ մայիսի 23-ին։
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայքում հանրային լսումների անցկացման տեղեկությանը կցվել են ընկերության կողմից ներկայացված Գլաձորի հանքավայրի համառոտ նկարագիրը։ Փաստաթղթում ներկայացված են Գլաձորի հանքավայրում նախորդ դարի 20-ական թվականներից սկսած կատարված աշխատանքները։ Ըստ այդմ՝ հանքավայրի պաշարների վերահաշվարկ վերջին անգամ կատարվել է 2009թ․, ըստ որի՝ կոնդիցիոն պարամետրերի վերագնահատման պաշարներրի վերահաշվարկման արդյունքում հանքավայրում 40 հանքային երակներով հաշվարկվել են 14,47 միլիոն տոննա ընդհանուր քանակությամբ C և C2 կարգի հանքաքարի և մետաղների պաշարներ՝ կապար 628,37 հազար տոննա, ցինկ 711,44 հազար տոննա, պղինձ 63,40 հազար տոննա, ոսկի 9789 կգ, արծաթ 201,18 տոննա և կադմիում 2605,3 տոննա:
Փաստաթղթում հիշեցվում է, որ վերոնշված երկրաբանահետախուզություններից հետո «Մետալ Գոլդ» ՍՊԸ-ն նախաձեռնում և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանից 2021թ. փետրվարի 26-ին ստացել է ԵԹՀ-29/309 ընդերքօգտագործման իրավունքը, որի շրջանակներում պետք է իրականացվեին Գլաձորի հանքավայրի վերագնահատման աշխատանքներ գրասենյակային պայմաններում: (Նշենք, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «2023թ․ հոկտեմբերի 10-ի օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության մասով գործունեության վերաբերյալ տեղեկատվություն» փաստաթղթի՝ ընկերությանը տրված է եղել ոչ թե ընդերքօգատործման իրավունք, այլ ընդերքի երկրաբանական ուսումնասիրություն իրականացնելու իրավունք երեք տարի ժամկետով)։
Եղեգնաձորի համայնքապետարանի կայքում հրապարակված հայտարարությանը կցված է նաև Գլաձորի բազմամետաղային հանքավայրի ուսումնասիրությանը, շահագործմանը դեմ նախաձեռնող խմբի հայտարարությունը, որում արտացոլված են տեղի բնակիչների մտահոգությունները ու փաստարկները հանքավայրի շահագործման ռիսկերի վերաբերյալ, նաև հանքարդյունաբերությանը դեմ բնակիչների ստորագրությունները։
Նյութն ամբողջությամբ՝ ecolur.org