Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել «Գրիլյան» ՍՊԸ-ին պատկանող (ք․ Երևան, Թումանյան փ․) հանրային սննդի օբյեկտում։ Այս մասին հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:
Ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։
Մասնավորապես,
օբյեկտի (մսի կտրատման, աղալու) պահեստային տարածքում կոյուղաջրի հավաքման և հեռացման համակարգին միացված է եղել օդամղիչ արհեստական հեռացման համակարգ, որը գտնվել է պլաստմասա տարայի մեջ, որը տեղակայված չի եղել այնպես, որ բացառի կեղտի կուտակումը, օտար մասնիկների ներթափանցումը և բորբոսների առաջացումը,
օբյեկտի հատակը, պատերը, սննդամթերք պարունակող աշխատանքային մակերևույթները չեն պահվել նորոգ և մաքուր վիճակում, չեն ունեցել հարթ մակերես, որը կբացառեր կեղտի կուտակումը,
մսի մշակման պահեստային մասում գտնվող սննդային թափոնները տեղավորված չեն եղել փակված կափարիչով համապատասպխան բեռնարկղերում,
սննդամթերքը պահվել է ոչ սննդային արտադրանքի՝ կենցաղային և տնտեսական իրերի, հետ։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: