Sputnik. Էկոնոմիկայի նախարարությունը 50 հազար եվրո է վճարել Wizz Air–ին գովազդի համար

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Wizz Air ավիաընկերությանը 50 հազար եվրո է վճարել երկրի զբոսաշրջային գրավչության վերաբերյալ մարկետինգային և գովազդային նյութեր տարածելու համար:
Sputnik Արմենիան ուսումնասիրել է պայմանագիրը, ըստ որի` գովազդը պատվիրված է 2025 թվականի հունիսի 2-ից դեկտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածի համար։
Պայմանագրով նախատեսվում է գովազդ ավիաընկերության սոցիալական էջերում, էլեկտրոնային նամակներ տարբեր լեզուներով և բաներ ավիաընկերության կայքում։
Նշենք, որ հունիսի 9 - ին «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին հարց էր ուղղել, թե ինչի դիմաց է ավիաընկերությունն իր ամսագրի մայիսյան համարի առաջին էջում Հայաստանի մասին հոդված հրապարակել: Պապոյանը պատասխանել էր, որ դրա համար կառավարությունը չի վճարել։
Ընդ որում, նա ոչինչ չէր ասել ստորագրման պատրաստվող պայմանագրի մասին։