ՍԱՏՄ-ն ներկայացրել է կենդանիներ արտահանելու դեպքում սահմանված պահանջները

ՍԱՏՄ-ն ներկայացրել է կենդանիներ արտահանելու դեպքում սահմանված պահանջները

Հայաստանի Հանրապետությունից կենդանի կենդանիներ արտահանելու դեպքում անհրաժեշտ է հստակորեն հետևել ներքոնշյալ իրավական ակտերով սահմանված պահանջներին, որոնց պահպանումը խստորեն վերահսկվելու է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից: Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն:

Այսպես.

Համաձայն Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Մաքսային միությունում անասնաբուժասանիտարական միջոցների կիրառման մասին» N 317 որոշման՝ Միության մաքսային տարածքից հսկողության վերցված ապրանքների արտահանման թույլտվության տրամադրումը և անասնաբուժական սերտիֆիկատների ձևակերպումն իրականացվում է լիազորված մարմնի՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից՝ համապատասխան անդամ պետության օրենսդրության համաձայն: Արտահանողը պարտավոր է հետևել ներմուծող երկրի անասնաբուժական օրենսդրության պահանջներին:

Համաձայն «Անասնաբուժության մասին» օրենքի 22-րդ հոդվածի՝ արգելվում է`

  • չհամարակալված մթերատու կենդանիների տեղաշարժը կամ տեղափոխումը, որոնց նկատմամբ չեն կիրառվել հակաանասնահամաճարակային տարեկան և կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերացման հրահանգներով սահմանված միջոցառումները,
  • գյուղատնտեսական կենդանիների անհատական ականջապիտակները հանելը,
  • առանց անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի առկայության մթերատու կենդանիների, իսկ խոշոր եղջերավոր և միասմբակավոր կենդանիների համար` նաև առանց անձնագրի տեղափոխումը:

Համաձայն ՀՀ կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի 1442-Ն որոշման հավելվածի՝ բեռն արտահանելու համար արտահանողը էլեկտրոնային եղանակով տեսչական մարմին պետք է ներկայացնի հայտ՝ նշելով արտահանվող ապրանքի անվանումը, ծագման վայրը, արտադրողի տվյալները (անվանումը, փաստացի գործունեության իրականացման վայրը), քանակը կամ քաշը (քանակը՝ հատով, քաշը՝ կգ-ով), արտահանման երկիրը, վայրը կամ տարածքը, բեռը ստացողի տվյալները (անվանումը, գտնվելու վայրը), արտահանման նախատեսվող ժամկետը, արտահանողի անվանումը կամ անունը-ազգանունը, բնակության կամ գործունեության իրականացման վայրը:

Բեռի ծագման վայրի համապատասխան հայտը ստանալուց հետո տեսչական մարմնի մարզային կենտրոնը պարտավոր է մեկ աշխատանքային օրվա ընթացքում պարզել՝

  • իր տվյալների բազայում արտահանողի առկայությունը, իսկ ԵՏՄ-ի տարածք անասնաբուժական հսկողության ենթակա բեռի արտահանման դեպքում՝ բեռն արտադրողի, վերամշակողի և (կամ) պահպանողի առկայությունը ԵՏՄ-ի տարածք արտահանման թույլտվություն ունեցող կազմակերպությունների ռեեստրում,
  • անասնաբուժական հսկողության ենթակա արտադրանքի ծագման վայրի անասնահամաճարակային իրավիճակը և ապահովությունը կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ, ինչպես նաև անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի առկայությունը (ՀՀ 21.10.2010 թվականի N 1499-Ն որոշմամբ սահմանված ձևեր),
  • բեռի ծագումը, արտադրողին (կենդանիների դեպքում՝ սեփականատիրոջը), բեռի ամբողջականությունը, անվտանգությունը երաշխավորող պայմանները և մակնշմանը ներկայացվող պահանջները,
  • ներմուծող երկրի օրենսդրությամբ բեռի ներմուծմանը ներկայացվող պահանջների առկայությունը և արտահանվող բեռի համապատասխանությունն այդ պահանջներին:

Նախատեսված փաստաթղթերը ներկայացնելու և սահմանված պահանջները բավարարվելու դեպքում Տեսչական մարմնի մարզային կենտրոնի կողմից բեռն արտահանողին էլեկտրոնային եղանակով տրամադրվում է արտահանվող բեռի համապատասխանության տեղեկանքը հայտը ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

Սահմանված պահանջները չբավարարվելու կամ անասնաբուժասանիտարական փորձաքննության կամ լաբորատոր փորձարկման արդյունքում արտահանվող բեռի վտանգավորությունը հաստատվելու դեպքում մարզային կենտրոնի կողմից հայտը մերժվում է էլեկտրոնային եղանակով հայտը կամ արդյունքներն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

Համաձայն ՀՀ կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշման 1-ին հավելվածի՝ անասնաբուժական ենթահսկման բեռների արտահանման համար տրվում են սույն որոշման հավելվածների ձևերի, Եվրոպական Միության կամ այլ ներկրող երկրի կողմից սահմանված ձևի առողջության կամ անասնաբուժական սերտիֆիկատներ և համապատասխանության տեղեկանք, իսկ սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների համար՝ համապատասխանության տեղեկանք և անվտանգության սերտիֆիկատներ:

Համաձայն ՀՀ 2024 թվականի մայիսի 30-ի N 818-Լ որոշման 1-ին հավելվածի՝ խոշոր և մանր եղջերավոր կենդանիների արտահանման դեպքում անասնապահությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձինք սահմանված կարգով տեղեկատվություն են ներկայացնում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին, և վերջինիս կողմից իրականացվում է կենդանիների համարակալման էլեկտրոնային «ԱնիՊաս» (AniPas) համակարգից կենդանու նույնականացման անհատական համարի ելքագրումը։