Դովեղի դպրոցի կասեցված շինարարությունը վերսկսվում է

2020 թվականից կնքված պայմանագրով նախատեսված Դովեղի դպրոցի կառուցման ծրագիրը վերջապես ավարտին կհասնի. Քաղաքաշինության կոմիտեն ներգրավել է նոր կապալառու։
Ընդհատված ծրագիրը շարունակելու համար Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, պատասխանատու ստորաբաժանման մասնագետները, տեղական ինքնակառավարման մարմինների, նախագծողների ու տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների և նոր կապալառու ընկերության ներկայացուցիչներն ու ինժեներական անձնակազմը շրջայց են կատարել Տավուշի մարզի Դովեղի դպրոցի շինարարության հրապարակում, տեղում հստակեցրել նախատեսվող աշխատանքների հետ կապված բոլոր հարցերը։
Կոմիտեի նախագահը հանձնարարել է շինարարական աշխատանքները կատարել արագ տեմպով ու պատշաճ որակով, դպրոցի շենքի և հենապատի կառուցումն իրականացնել զուգահեռաբար՝ կանխելով առաջած ռիսկերը։ Տեղական ինքնակառավարման մարմինների հետ քննարկվել է վնասված ճանապարհի վերականգնումը ևս առաջիկայում նախատեսվող շինարարական աշխատանքներում ներառելու հնարավորությունը։
Դովեղի դպրոցի շինարարության համար պատասխանատու նախկին կապալառուն աշխատանքներն իրականացրել էր ժամկետների կոպիտ խախտումներով և նախագծից ու պահանջվող որակից շեղումներով, ինչը փաստագրվել է մասնագիտական հանձնաժողովի կողմից։ Արդյունքում կոմիտեն, հաշվի առնելով նաև Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի միջնորդագիրը՝ Վայոց ձորի մարզի Չիվայի դպրոցի շինարարական աշխատանքների ստուգման արդյունքում քաղաքաշինական գործունեություն իրականացնելու կազմակերպության լիցենզիայի կասեցման վերաբերյալ, միակողմանի լուծել էր կնքված պայմանագիրը։
«Անպատասխանատու գործելաոճն անընդունելի է՝ առավել ևս երեխաների համար նախատեսված ծրագիր իրականացնելիս։ Շինարարության մեջ նման ձեռագիրը մերժում են ոչ միայն պետական միջոցներով իրականացվող ծրագրերի պատվիրատուները, այլև հանրությունը և մասնագիտական համայնքը»,-կասեցված շինարարությանն անդրադառնալիս ընդգծել է կոմիտեի ղեկավարը՝ նոր կապալառուից պահանջելով պատասխանատու, սրտացավ մոտեցում և որակյալ արդյունք։
Հիշեցնենք, որ նախկին կապալառուի հետ կնքված պայմանագրի լուծումն ընկերությունը բողոքարկել էր դատական կարգով։ Դատարանը մերժել է Քաղաքաշինության կոմիտեի դեմ ուղղված պահանջները՝ հօգուտ կոմիտեի կայացնելով վճիռ։