Լոռու մարզպետարանում քննարկվել են ապօրինի անտառահատումներին վերաբերող հարցեր

Լոռու մարզպետարանում քննարկվել են ապօրինի անտառահատումներին վերաբերող հարցեր
Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Լոռու մարզային վարչության տեղամասերի, նախարարության «Հայանտառ»ՊՈԱԿ-ի Լոռու մարզի անտառնտեսությունների ղեկավարների և ոստիկանության ներկայացուցիչների մասնակցությամբ:
Քննարկմանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանը, մարզպետի աշխատակազմի այլ պատասխանատու պաշտոնյաներ։
Հանդիպման նպատակը մարզի անտառտնտեսություններում արձանագրվող ապօրինի ծառահատումների դեպքերի վերաբերյալ քննարկումն էր՝ խնդիրների վերհանման և արձանագրվող դեպքերը հնարավորինս նվազեցնելու կամ բացառելու համար:
Մարզպետի պաշտոնակատարի առաջարկությամբ տեղամասերի պատասխանատուները ներկայացրել են տարվա կտրվածքով հայտնաբերված և արձանագրված դեպքերը։ Տեղեկատվություն է ներկայացվել նաև քաղաքացիներին տրամադրվող թափուկ վառելափայտի ծավալների ,ինչպես նաև հասցեականության վերաբերյալ:
Հ.Ավետիսյանն ընդգծել է առավել խիստ վերահսկողութուն իրականացնելու, հետևողական աշխատանքներ տանելու անհրաժեշտությունը՝ անտառահատման ցանկացած անօրինական դեպք կանխելու, զանցառուներին հայտնաբերելու ուղղությամբ: Կարևորվել է նաև գործակցությունը բոլոր օղակների միջև։
Հ.Ավետիսյանը հորդորել է առավել հաճախակի իրականացնել կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումներ և ավելի սերտորեն համագործակցել մարզպետի աշխատակազմի հետ՝ պարբերաբար նաև տեղեկատվություն ներկայացնելով հայտնաբերված դեպքերի և խնդիրների վերաբերյալ:
Նա նշել է, որ մարզպետի աշխատակազմը պատրաստ է ամենայն աջակցություն ցուցաբերելու խնդիրների արդյունավետ և օպերատիվ լուծման նպատակով: Քննարկվել են խնդրի կարգավորմանն ուղղված այլ հարցեր, տրվել են հանձնարարականներ։
Նշվել է նաև, որ առաջիկայում բարձրաձայնված խնդիրների քննարկման նպատակով կկազմակերպվի ավելի ընդլայնված հանդիպում՝ համայնքների ղեկավարների և այլ շահագրգիռ կառույցների մասնակցությամբ ևս։