Հունիսին՝ մայիսի համեմատ, Հայաստանում գները նվազել են

Հայաստանում 2025թ. հունիսին գրանցվել է 3.9% տարեկան գնաճ, մինչդեռ նախորդ ամսվա համեմատ գները նվազել են 1.3%-ով:
Գնաճի գլխավոր շարժիչը դարձել են սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գների 6.2% աճը տարեկան հատվածով, սակայն հունիսին մայիսի համեմատ այս ապրանքախմբի գները նվազել են 3.5%-ով: Մասնավորապես՝ բանջարեղենի գները տարեկան կտրվածքով աճել են 25%-ով, մայիսի համեմատ նվազել են 23.6%-ով, ինչը բնորոշ է սեզոնային ապրանքներին:
Հանրապետության բոլոր դիտարկվող բնակավայրերում հունիսին մայիսի համեմատ գները նվազել են 0.9%-ից 2.0%-ի սահմաններում։ Համեմատաբար բարձր գնանկում է գրանցվել Գյումրի քաղաքում, Երևանում գները նվազել են 1.2%-ով: Տրանսպորտի և կրթության ոլորտներում գրանցվել են համեմատաբար բարձր գնաճի մակարդակներ՝ համապատասխանաբար 6.0% և 7.8%:
Արտարժույթի շուկայում հունիսին գրանցվել է հայկական դրամի արժևորում ԱՄՆ դոլարի նկատմամբ: Դրամի միջին փոխարժեքը կազմել է 384.2 դրամ մեկ դոլարի համար, ինչը 1.0%-ով ցածր է 2024թ. հունիսի ցուցանիշից: