Իրականացվել են ծղրիդների դեմ պայքարի աշխատանքներ Արզական բնակավայրի անտառամերձ և հարակից տարածքներում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 2-ին այցելել է Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Արզական բնակավայր՝ ծղրիդների դեմ պայքարի միջոցառումների ընթացքին հետևելու նպատակով։ ՀՀ ԷՆ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից իրականացվել են պայքարի աշխատանքներ Արզական բնակավայրի անտառամերձ և հարակից տարածքներում (50 հեկտարի չափով)։
Արզական բնակավայրում դրոնով պայքարի միջոցառումներ իրականացնելու համար համայնքին նախարարության կողմից անհատույց տրամադրվել է 120 լիտր թունաքիմիկատ:
Այցի ընթացքում նախարար Գևորգ Պապոյանը հետևել է դրոններով թունաքիմիկատների տարածման աշխատանքներին, տեղում դիտարկել իրականացվող միջոցառումների արդյունավետությունը։
«Քաղաքացիներից ահազանգեր էինք ստանում զբոսաշրջային վայրերում ծղրիդների լայն տարածման վերաբերյալ, որի հետևանքով վնասվում են բնակիչների բանջարաբոստանային մշակաբույսերը, և զբոսաշրջիկները խուսափում են այցելել այդ վայրեր։ Խնդիրը լուծելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մարզպետարանների, համայնքապետարանների և Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնի հետ համատեղ նախաձեռնել է պայքարի հատուկ միջոցառումների իրականացում», -նշել է Գևորգ Պապոյանը։
Ընդհանուր առմամբ, նախարարության կողմից Կոտայքի և Արագածոտնի մարզերին հունիս ամսին հատկացվել է 334 լիտր բույսերի պաշտպանության միջոց։
Միջոցառումների շրջանակում հունիսի 16-ին իրականացվել են պայքարի աշխատանքներ Կոտայքի մարզի Ծաղկաձոր (10 լիտր) և Հանքավան (10 լիտր) բնակավայրերում (100 հեկտար տարածքի չափով)։
Նաիրի համայնքի Բուժական բնակավայրի տնամերձ հատվածներում հողօգտագործողների կողմից պայքարի աշխատանքներ իրականացնելու նպատակով տրամադրվել է 10 լիտր թունաքիմիկատ։
Ընդհանուր նախատեսվում է իրականացնել օդային պայքար 260 հա հողատարածքի վրա։
Այցին մասնակցել են նաև ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը և «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը։