ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել են մի շարք նախագծեր

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել են մի շարք նախագծեր

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հուլիսի 2-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել և ընդունվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:

««Տրանսպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել լիազորող նորմեր. այն հնարավորություն կընձեռի Կառավարությանն ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների զարգացմանն ուղղված աջակցության ծրագրեր մշակել:

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում, ըստ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի, առաջարկություններ չեն ստացվել:

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման նպատակն է ապահովել նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի աշխատանքի ամբողջականությունը: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի խոսքով՝ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագծի վերաբերյալ առաջարկություններ չեն ստացվել:

«Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող լրացումը և փոփոխությունը ևս քննարկվել են երկրորդ ընթերցմամբ:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի խոսքով՝ նախագիծը նպատակ ունի պաշտպանել տեղական շուկան, մետաղաձուլական ընկերությունները:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հեղինակած «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում առաջարկվող լրացումները և փոփոխությունը խորհրդարանն արդեն ընդունել է առաջին ընթերցմամբ: Նախագծի հիմնական նպատակն է ապահովել ճգնաժամային իրավիճակներում հանրային ծառայությունները կարգավորող մարմնի նախագահի կողմից վարույթ հարուցելու և կանխարգելիչ միջոցներ կիրառելու հնարավորությունը:

Հիմնական զեկուցող Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ լրամշակված փաթեթը համալրվել է Կառավարության առաջարկներով և երկու նոր նախագծով. դրանք «Սնանկության մասին» և «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքներում առաջարկվող նոր կանոնակարգումներն են: Վլադիմիր Վարդանյանը երկու տեխնիկական առաջարկ է ներկայացրել:

Պատգամավորները հարցուպատասխանի և ելույթների ձևաչափում անդրադարձել են էներգետիկ անվտանգությանը, էներգետիկ համակարգի լիցենզավորված կազմակերպությունների իրավունքներին, առաջարկվող կարգավորումների ընդունման նպատակահարմարությանը, հաճախակի հոսանքազրկումներին, ՀԷՑ-ի ազգայնացման պարագայում հնարավոր թանկացումներին, «Հայաստանի էլեկտրական ցանցերում» կառավարման առկա խնդիրներին, «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» աշխատանքին: Կարևորվել է պետության վերահսկողությունը ռազմավարական նշանակության էներգետիկ ենթակառուցվածքների նկատմամբ: Ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներն էլ կարծիք են հայտնել, որ ՀԷՑ-ի ազգայնացումը քաղաքական նպատակ ունի, խոսել գործընթացի ռիսկերի մասին:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նշել է, որ ՀԷՑ-ից դժգոհությունները նոր չեն, և այդ մասին կազմակերպությունը մշտապես տեղյակ է եղել:

Վլադիմիր Վարդանյանը եզրափակիչ ելույթում արձանագրել է, որ այս նախագիծը տարածվում է էներգետիկայի ոլորտի կարևորագույն կառույցների վրա և ընդգծել, որ կրիտիկական ենթակառուցվածքների կառավարման հարցում պետությունը պետք է ունենա որոշիչ դերակատարում:

Հանձնաժողովը քվեարկության արդյունքում մերժել է «Հայաստան» խմբակցության՝ օրենսդրական փաթեթը շրջանառությունից հանելու վերաբերյալ առաջարկը: Դրական եզրակացությամբ օրենսդրական փաթեթը համալրվել է «Սնանկության մասին» և «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքների նախագծերով: