Իրանի միջուկային օբյեկտները ժամանակավորապես չեն գործում. Արաղչի

Իրանի միջուկային օբյեկտները ժամանակավորապես չեն գործում. Արաղչի

Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ ամերիկյան հարվածների հետևանքով Ֆորդոյի միջուկային օբյեկտը զգալիորեն վնասվել է: Աբբաս Արաղչիի խոսքով՝ այժմ երկրի Ատոմային էներգիայի կազմակերպությունը ստուգումներ է իրականացնում: Մեկնաբանելով իրանական միջուկային ներուժի «լիակատար ոչնչացման» մասին Դոնալդ Թրամփի հայտարարությունները՝ նախարարը տեղեկացրել է, որ օբյեկտները ժամանակավորապես չեն գործում, իսկ դրանց վերականգնման ժամկետները գնահատելու համար լրացուցիչ ուսումնասիրություններ են անհրաժեշտ։ Արաղչիի խոսքով՝ Իսլամական Հանրապետությունը կշարունակի ուրանի հարստացումը:

ԵՄ դիվանագիտության ղեկավարի հետ հեռախոսազրույցում էլ նա հայտարարել է, որ խաղաղ միջուկային օբյեկտների դեմ Միացյալ Նահանգների և Իսրայելի ագրեսիան աննախադեպ հարված է դիվանագիտությանը և միջուկային զենքի չտարածման ռեժիմին:

Նաև Իրանում ուժի մեջ է մտել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ աշխատանքները կասեցնելու մասին օրենքը: Ըստ Իսլամական Հանրապետության նախագահի հրամանագրի՝ գործակալության աշխատակիցներին կարգելվի մուտք գործել Իրան, մինչև չապահովվի միջուկային օբյեկտների և գիտնականների անվտանգությունը։