Լոռու մարզում անցկացվել է հրամանատարաշտաբային ուսումնավարժանք

Լոռու մարզում անցկացվել է հրամանատարաշտաբային ուսումնավարժանք
Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ հնարավոր մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու կարողությունները բարձրացնելու նպատակով անցկացվել է հրամանատարաշտաբային ուսումնավարժանք՝ ռազմական դրության ժամանակ Լոռու մարզի քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի գործողությունների խաղարկմամբ։
Վերջինիս մասնակցել են Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ։
Վարժանքի նպատակն էր գնահատել ծառայողների օպերատիվ արձագանքման և փոխգործակցության ունակությունները։
Երկփուլ ուսումնավարժության առաջին հատվածում խաղարկվել է մարզպետի աշխատակազմի գործունեության անցումը ռազմական դրության ռեժիմի։ Հստակեցվել են քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմը և նրանց գործառույթների շրջանակը։
Ուսումնավարժության երկրորդ փուլում իրականացվել է ազդարարում և Վանաձորի կարի ֆաբրիկաներից մեկի աշխատակիցների կազմակերպված պատսպարում։
Այնուհետև խաղարկվել են ռմբակոծության հետևանքով վնասված տարածքներում իրականացվող փրկարարական և վթարավերականգնողական աշխատանքներ։
Կրակի բռնկման մասին ահազանգ ստանալուց րոպե անց նրանք արդեն դեպքի վայրում էին։ Հրշեջ-փրկարարական գործողությունների և համապատասխան տեխնիկական միջոցների կիրառմամբ հրդեհը մարվեց կարճ ժամանակում և կանխվեց դրա տարածումն ու հնարավոր այլ հետևանքները։
Վարժանքի կարևոր հատվածներից էր տուժածների տարհանումը բարձրահարկ շենքից։ Կիրառելով պարանային հատուկ տեխնիկա՝ փրկարարները հաջողությամբ իջեցրին տուժածին վերնահարկից՝ ցուցադրելով իրենց գործնական պատրաստվածությունը, համակարգված աշխատանքն ու արագ կողմնորոշվելու կարողությունը։
Ուսումնավարժանքին ներգրավված էին նաև Ոստիկանության, Շտապօգնության աշխատակիցներ, գազի և էլեկտրաէներգիայի մատակարարմամբ զբաղվող ընկերությունների վթարային խմբեր։
Կամո Ցուցուլյանն այցելել է նաև Լոռու մարզային փրկարարական վարչություն։ Այցի շրջանակում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին ներկա էին մարզային վարչությունների ղեկավար կազմն ու ստորաբաժանումների պատասխանատուները։