ՍԱՏՄ՝ Լոռու մարզում հանդիպումներն արդյունավետ են եղել

ՍԱՏՄ՝ Լոռու մարզում հանդիպումներն արդյունավետ են եղել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Տիգրան Պետրոսյանն այցելել է Լոռու մարզ՝ տեղում ծանոթանալու մարզում սննդամթերքի անվտանգության հետ կապված խնդիրներին:

Սննդի շղթայում տնտեսավարող սուբյեկտների ներկայացուցիչների հետ Վանաձորում կայացած հանդիպման ժամանակ կաթնամթերք արտադրողները խոսել են արտադրանքի բաղադրության վերաբերյալ ոչ ճիշտ, շփոթեցնող կամ կեղծ տվյալներ պարունակող մակնշումների մասին՝ շեշտելով, որ ճիշտ մակնշողները հայտնվում մրցակցային անհավասար պայմաններում: Տիգրան Պետրոսյանը վստահեցրել է, որ տեսչական մարմինը խստորեն հետևելու է օրենսդրությամբ սահմանված նորմերի պահպանմանը (կաթնամթերքում կաթնայուղը կարող է փոխարինվել բացառապես կաթնայուղի փոխարինիչով՝ կաթնայուղի նվազագույնը 50 տոկոսի պահպանմամբ) և մակնշման համապատասխանությանը՝ պահպանելով հավասարության սկզբունքը բոլոր տնտեսավարողների համար: 

Մանկապարտեզներ սննդամթերքի մատակարարումների հարցը ևս հանդիպման օրակարգում էր. ըստ մանկապարտեզների ներկայացուցիչների՝ հաճախ մատակարարվում է ոչ որակյալ, պայմանագրերի պայմաններին չհամապատասխանող սննդամթերք: Պարոն Պետրոսյանը հորդորել է այդպիսի յուրաքանչյուր դեպքի մասին տեղեկացնել Տեսչական մարմնին՝ վստահեցնելով, որ անմիջապես կձեռնարկվեն համապատասխան վերահսկողական միջոցառումներ:

Քննարկվել է նաև սպանդանոցային մորթի պարտադիր պահանջը կատարելու անհրաժեշտությունը, հստակեցվել է, որ իրացման ցանցում կարող է վաճառվել միայն սպանդանոցային ծագման միս, և՝ որ այդ հարցում զիջումներ չեն լինելու: Շարժական սպանդանոցների անհրաժեշտության մասին դիտարկմանը հետ կապված՝ հիշեցվել է, որ շարժական կամ մոդուլային սպանդանոց ձեռք բերելու համար կանխավճարի 80%-ը սուբսիդավորում է կառավարությունը (ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում): 

Բարձրացվել է Վտանգների վերլուծության և հսկման կրիտիկական կետերի (ՎՎՀԿԿ/HACCP) համակարգերի ներդրման պահանջի, դրա օգտակարության հարցը: Տիգրան Պետրոսյանը նշել է, որ համակարգի սկզբունքների պահպանումը պարտադիր է, իսկ այն կազմակերպությունները, որոնք համակարգը ներդրած չեն լինի, չեն կարողանա մասնակցել 2026թ. պետական գնումների մրցույթներին:

Տնտեսավարողներն արտահայտել են իրենց գոհունակությունը հետաքրքրող հարցերի վերաբերյալ մանրամասն, իրենց բավարարող պատասխաններ ու խորհրդատվություն ստանալու համար, իսկ Տեսչական մարմնի մասնագետները վստահեցրել են, որ իրենք հասանելի ու բաց են ցանկացած հարցի քննարկման համար և պատրաստ են տրամադրելու անհրաժեշտ աջակցություն իրենց գործառույթների շրջանակում: 

Տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Տիգրան Պետրոսյանն այցելել է նաև կաթնամթերքի արտադրամաս Տաշիրում և Տեսչական մարմնի Գոգավան-Պրիվոլնոյե սահմանային պետական վերահսկողության բաժին՝ առարկայորեն ծանոթանալու իրականացվող սահմանային վերահսկողության գործընթացի մանրամասներին: