Արցախցիները նամակ են հանձնել ՀՀ կառավարություն

Արցախցիները բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ կառավարության շենքի մոտ։ Նրանք բողոքում են կառավարության աջակցության ծրագրերից, որոնք աստիճանաբար կրճատվում են, և եթե անհապաղ չլուծվեն հատկապես բնակարանների, կեցության հարցերը, իրենք կհայտնվեն փողոցում։
Բողոքի ակցիա իրականացնող արցախցիները նամակ են հանձնել կառավարությանը, և կախված նրանից, թե ինչ պատասխան կստանան, կպլանավորեն նաև իրենց հետագա քայլերը։
Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ այս տարվա մարտ ամսին արդեն իրենց աջակցության գումարը կրճատվեց` 40+10 հազար դրամի ծրագրից հանվեց 10 հազար դրամի բացադրիչը, իսկ հուլիսից մինչև դեկտեմբեր աջակցության գումարը կդառնա 30 հազար դրամ, ու այն էլ նախատեսված կլինի միայն խոցելի խավերի համար։
Նրա խոսքով` իրենցից շատերը մայիսի համար նախատեսված գումարները չեն ստացել, մինչդեռ շատ արցախցիներ բնակվարձերի կանխավճարը տալու համար վարկ կամ պարտք են վերցրել ու հիմա կանգնել փաստի առաջ` հնարավոր է` իրենց հանեն բնակարաններից։
«Պետական աջակցության ոչ մի ծրագիր միանշանակ չէ. ծրագրերի հիմքում ընկած են բազմաթիվ պայմաններ, պահանջներ, որոնք այս կամ այն կերպ խոչընդոտում են դրանց մասնակցությունը։ Այդ պատճառով տեղահանվածներից շատերը նախընտրել են չօգտվել այ ծրագրերից»,– նշեց ակցիայի մասնակից արցախցի կինը։
Նա չբացառեց, որ հնարավոր է օգտվեն մեկ այլ` ՀՀ սահմանամերձ համայնքներում բնակարան ձեռքբերելու ծրագրից, որով կկարողանա ստանալ 5 մլն դրամ, որպեսզի տուն գնեն։
Ակցիայի մասնակից մեկ այլ կին նշեց, որ տանը բնակվում են ամուսնու հետ և ստանում են 54 հազար դրամ թոշակ, ամուսինը նաև` որպես հաշմանդամ, կշարունակի ստանալ 30 հազար դրամ, ու հիմա իրենց ունեցած ոսկին են ծախում, որպեսզի կարողանան ապրել ու տան վարձ տալ։
Աղբյուրը՝ arm.sputniknews.ru