Մ. Գրիգորյան. Հայաստանն ուզում է ընդլայնել ագրոարդյունաբերական արտադրանքի մատակարարումը ՌԴ

Հայաստանը հետաքրքրված է ռուսական շուկա գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումների ընդլայնմամբ։ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասել է, որ հայաստանցի արտադրողները կարող են որակյալ արտադրանք տալ, որը պահանջված է այդ թվում Ռուսաստանում։ Սակայն արտահանման հաջող ընդլայնման համար անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել լոգիստիկային և համակարգմանը։
«Ագրոարդյունաբերական համալիրում որակյալ արտադրողները որպես կանոն փոքր և միջին ձեռնարկություններն են։ Գլոբալ շուկաներ, այդ թվում ՌԴ մեծածավալ շուկա դուրս գալու համար նրանց զգալի ռեսուրսներ և համակարգում է անհրաժեշտ», – նշել է Գրիգորյանը։
Նա կարևորել է լոգիստիկայի խթանումը, ապրանքների համակարգումը և անխափան մատակարարումները, ինչի ուղղությամբ արդեն քայլեր ձեռնարկվում են։
«Արտադրության և արտահանման աճի տեսանկյունից մենք որևէ սահմանափակում չենք տեսնում», – հավելել է փոխվարչապետը։