ArCa-ն քննարկում է ռուսական «Միր» քարտերով վճարումների դյուրացման եղանակները

Պլաստիկ քարտերի հայաստանյան ազգային օպերատոր «ArCa»-ն քննարկում է ռուսական քարտերով կատարվող վճարումների դյուրացման հնարավորությունները: Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում Sputnik-ին տված հարցազրույցում հայտարարել է «Armenian Card» («ArCa») ՓԲԸ գործադիր տնօրեն Վարդան Խաչատրյանը։
Նա հիշեցրել է, որ Հայաստանում «Միր» քարտեր առանց սահմանափակումների շարունակում է տրամադրել մեկ բանկ («ՎՏԲ-Հայաստան» - խմբ), և այդ քարտերը գործում են գրեթե բոլոր առևտրային կետերում, այդ թվում էլեկտրոնային առևտրի դեպքում:
Խաչատրյանը նշել է, որ Հայաստանում զգալի թվով ոչ ռեզիդենտներ (նկատի է առնվում Ռուսաստանի և այլ երկրների ռելոկանտները – խմբ.) արտասահմանյան վճարային համակարգերում արդեն տեղական քարտեր են ձեռք բերել: Նրա խոսքով` զբոսաշրջիկների պարագայում ևս քարտերով վճարումների հետ կապված խնդիրների առաջացման հավանականությունը մեծ չէ (Ռուսաստանում և այլ երկրներում թողարկված «Միր» քարտերը նույնպես սպասարկվում են «ՎՏԲ-Հայաստան» բանկի բանկոմատներում և POS-տերմինալներում – խմբ.):
Հարցին, թե ռուսական քարտերով վճարումները դյուրացնելու համար ինչ-որ լուծումների հնարավորություն քննարկվո՞ւմ է, Խաչատրյանը պատասխանել է. «Չեմ ուզում փակագծեր բացել, բայց մի քանի ամիս հետո հնարավոր է»։