Արցախցիները գործադիրից պահանջում են վերականգնել սոցիալական աջակցության ծրագիրը

Արցախցիները գործադիրից պահանջում են վերականգնել սոցիալական աջակցության ծրագիրը։
Կառավարության շենքի առջև այսօր բողոքի ակցիա կազմակերպած քաղաքացիները 40 հազարական դրամի աջակցությունից դուրս էին մնացել ապրիլից, սակայն նրանց՝ մարտից մեկնարկած բողոքի ակցիաներից հետո կառավարությունը որոշեց ևս երկու ամիս շարունակել ծրագիրը։ Գործադիրից հիմնավորել էին, թե արցախցիների աջակցության ծրագրերի վերաբերյալ ստացված առաջարկների քննարկման համար ժամանակ է պետք:
Ծրագրում, ինչպես հայտնեցին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, փոփոխություն չի նախատեսվում։ Աջակցությունից կշարունակեն օգտվել սահմանափակ թվով արցախցիներ՝ միայն անչափահասները կամ 18 տարեկանը լրացած, բայց բարձրագույն կրթություն ստացող քաղաքացիները, 63-ից բարձր տարիքի անձինք, կերակրողին կորցրածները, 1-ին ու 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցողները:
Նախարարությունից հայտնում են, որ հունիսից նաև վերագործարկվել է կարիքավորության հիմքով լրացուցիչ սոցիալական աջակցության ծրագիրը։