Չինաստանի դեսպանատան աշխատանքային խումբը Սյունիքում համակարգել է իրենց քաղաքացիների Իրանից տեղափոխվելու գործընթացը

Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը և խորհրդական Սուրեն Քեսեջյանն այսօր ընդունել են ՀՀ-ում Չինաստանի դեսպանության աշխատանքային խմբին, որի կազմում էին զինվորական կցորդ Ան Ցյանը, կցորդ Չժան Ցինմինը, խորհրդական Վան Ցզինտաոն, առաջին և երկրորդ քարտուղարները։
Աշխատանքային խումբը Չինաստանի ղեկավարության հանձնարարությամբ գտնվում է Սյունիքում՝ իրենց քաղաքացիների՝ Իրանից տեղափոխվելու գործընթացը համակարգելու նպատակով։ Երեկ նրանք եղել են հայ-իրանական սահմանային անցակետում, ծանոթացել իրավիճակին։
Հյուրերը շնորհակալություն հայտնեցին մարզպետի աշխատակազմի անդամներին՝ աջակցության համար։
Հայկ Հարությունյանը կարևորեց, որ Չինաստանը՝ որպես վստահելի ճանապարհ, Հայաստանն է ընտրել՝ Իրանում գտնվող իր քաղաքացիների տեղափոխումը կազմակերպելու համար։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք տեխնիկական ու կազմակերպական հարցեր, որոնցում հյուրերն ակնկալում են Սյունիքի մարզային իշխանության օժանդակությունը՝ ԻԻՀ-ում դեռևս մնացած չինացիներին առաջիկա օրերին ընդունելու և Երևան տեղափոխումն ապահովելու համար։
Մարզպետի աշխատակազմի պաշտոնյաները շարունակական աջակցության ու անհրաժեշտ հարցերում համագործակցելու պատրաստակամություն հայտնեցին։
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ հայ-չինական հարաբերություններին, դեսպանատան կողմից Սյունիքի հետ իրականացվող այլ աշխատանքների ևս։