ԲԸՏՄ ղեկավար կազմն Արենի, Վայք, Եղեգնաձոր համայնքներում քննարկել է բնապահպանական հարցեր

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Վրեժ Գալոյանը, Վաղարշակ Ամիրխանյանը, Լևոն Լևոնյանը մարզային հանդիպումների շրջանակում հունիսի 17-ին այցելել են Վայոց ձորի մարզի Արենի, Եղեգնաձոր, Վայք համայնքներ՝ հանդիպելու տեղի բնակիչների, ավագանու անդամների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ։
Այցի հիմնական նպատակն էր վերհանել մարզում առկա բնապահպանական խնդիրները, գնահատել դրանց ազդեցությունը համայնքային կյանքի ու բնական ռեսուրսների վրա, ինչպես նաև համատեղ գտնել տեղի բնակիչների համար առավել նպաստավոր լուծումներ։
Համայնքներում շրջայցերի ընթացքում տարբեր ձևաչափերով հանդիպումների ժամանակ քննարկվել են ճանապարհաշինարարական աշխատանքների, սորուն նյութերի տեղափոխման ընթացքում փոշու արտանետումների նվազեցման, ջրային ու հողային ռեսուրսների արդյունավետ կառավարման, ապօրինի որսի և ձկնորսության դեպքերի կանխարգելման, աղբավայրերի այրման, սեզոնային հրդեհների չեզոքացմանն ուղղված հարցեր։
Ընդգծվել է Տեսչական մարմնի, ՏԻՄ-երի, ավագանու անդամների, բնակչության հետ անմիջական շփումների միջոցով խնդիրների լուծման նպատակով արագ արձագանքման մեխանիզմների ձևավորումը։
Բարձրացված մի շարք հարցեր տեղում ստացել են լոկալ կարգավորումներ։