Համոզված եմ, որ նաեւ մեր աջակցությամբ ԼՂ–ից բռնի տեղահանվածները կտնավորվեն Հայաստանում. Փաշինյան

ԼՂ–ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար ընթացքի մեջ է բնակավորման ծրագիրը, աշխատանքային ծրագիրը, սոցիալապես առավել խոցելի խմբերին սոցիալական ծրագիրը։ Այս մասին այսօր՝ հունիսի 18–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես ուրախությամբ եմ արձանագրում, որ ԼՂ–ից բռնի տեղահանված մեր մի քանի տասնյակ հազար հայրենակիցներ արդեն ՀՀ–ում աշխատանք ունեն, աշխատում եմ, եւ ես համոզված եմ, որ նաեւ մեր աջակցությամբ նրանք կտնավորվեն Հայաստանում։ Մենք ամեն ինչ կանենք, որ իրենք իրենց զգան մաքսիմալ լիարժեք, չնայած ես կարծում եմ, որ դրա համար պետք է աշխատանքի հարցը լուծել, ուրիշ որեւէ լրացուցիչ բան անելու անհրաժեշտություն չկա, որովհետեւ նրանք գտնվում են իրենց հայրենիքում, իրենց տանը, և քաղաքացիություն կստանան եւ վերջնականապես գտնվեն իրենց պետության մեջ»,–ասաց նա։