Աշխատանքն է շարունակում ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի յոթերորդ նիստը

Աշխատանքն է շարունակում ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի յոթերորդ նիստը
Հունիսի 17-18-ին Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի յոթերորդ նիստը: Հայկական կողմից նիստը նախագահել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, եվրոպական կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի Առևտրի հարցերով Գլխավոր տնօրինության Եվրոպայի և Արևելյան հարևանության հարցերով պատասխանատու Մարկո Դյուերկոպը։ Նիստին բացման խոսքով հանդես է եկել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։
Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) Առևտուր և առևտրին առնչվող հարցերի մասի ներքո համագործակցության շրջանակներում իրականացվող միջոցառումները և համապատասխան ճանապարհային քարտեզները հետևյալ ոլորտներում՝ ապրանքների առևտուր, մաքսային ոլորտ, առևտրի տեխնիկական խոչընդոտներ, սանիտարական և բուսասանիտարական միջոցառումներ, ծառայությունների առևտուր, հիմնադրում և էլեկտրոնային առևտուր, ընթացիկ վճարումներ և կապիտալի տեղաշարժ, մտավոր սեփականություն, պետական գնումներ, առևտուր և կայուն զարգացում, մրցակցություն, պետական ձեռնարկություններ, թափանցիկություն, վեճերի կարգավորում:
Անդրադարձ է կատարվել նաև «Կոնյակ» աշխարհագրական անվանման հետ կապված գործընթացներին, մասնավորապես՝ 2024թ․ հոկտեմբերից մեկնարկած «Տեխնիկական աջակցություն հայկական բրենդիի աշխարհագրական նշման (GI) ստեղծման համար» ԵՄ ծրագրի ներքո նախատեսված և իրականացված աշխատանքներին։
Ներկայացվել են ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի ներքո գործող՝ Աշխարհագրական նշումների և Մաքսային հարցերով ենթակոմիտեների նիստերի արդյունքները և ձեռք բերված պայմանավորվածությունները։
Օրակարգում ներառված էին նաև առևտրի և ներդրումների ոլորտում առկա զարգացումներին, ԵՄ կողմից ՀՀ-ին տրամադրվող ոլորտային աջակցությանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցությանն առնչվող այլ հարցեր:
Նիստի ընթացքում «Վեճերի կարգավորում» օրակարգային կետի ներքո հաստատվել է Հոդված 339-ի դրույթների ներքո նախատեսված կոմիտեի որոշումը՝ փոխարինելու անձանց ցանկը, ովքեր ցանկանում և կարող են հանդես գալ երկու կողմերից որպես արբիտրներ։