Զարուհի Ազնաուրյանը նշանակվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Զարուհի Ազնաուրյանը:
«Զարուհի Ազնաուրյանը հիմնադրամի թիմին է միացել 2019 թ.` աշխատանքի անցնելով որպես մշտադիտարկման և գնահատման մասնագետ և 2023 թ․-ից զբաղեցնում էր ծրագրերի և արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը: Իր գործունեության ընթացքում նախագծել և իրականացրել է բազմաթիվ կենսական ծրագրեր՝ ապահովելով սահմանային համայնքների համաչափ զարգացումը:
Մինչ հիմնադրամը Զարուհին աշխատել է որպես մշտադիտարկման, գնահատման, հաշվետվողականության և ուսուցման համակարգող Save the Children միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակում։ Իր մասնագիտական կարիերայի ընթացքում Զարուհին տարբեր ոլորտներում իրականացրել է մի շարք հետազոտություններ և ուսումնասիրությունններ։
Զարուհին ավարտել է Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետը և ունի կիրառական սոցիոլոգիայի մագիստրոսի աստիճան»,- ասված է հիմնադրամի ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք՝ Հայկակ Արշամյանն օրեր առաջ ազատվել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնից և ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել Հունգարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: