Դեռ որոշ ժամանակ առաջ քննարկել ենք ռազմական էսկալացիայի բոլոր հնարավոր սցենարները. ունենք պլանավորում. Արմեն Գրիգորյան

Դեռ որոշ ժամանակ առաջ քննարկել ենք ռազմական էսկալացիայի բոլոր հնարավոր սցենարները. ունենք պլանավորում. Արմեն Գրիգորյան

Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումը վերջինիս տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն է, որը բացասական ազդեցություն է ունենալու տարածաշրջանում։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Գտնելով կայունություն անկայուն աշխարհում» խորագիրը կրող APRI-2025 համաժողովում պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Իսրայելի և Իրանի միջև ռազմական էսկալացիային։

ԱԽ քարտուղարը, խոսելով այդ էսկալացիայի պայմաններում Հայաստանի վարքագծի մասին, նշել է, որ Երևանը, բնականաբար, դեռևս որոշ ժամանակ առաջ սկսել է նախապատրաստվել և քննարկել է բոլոր հնարավոր սցենարները։

«Քննարկել ենք ռազմական էսկալացիայի բոլոր հնարավոր սցենարները, որի համաձայն՝ նախապատրաստական աշխատանքներ ենք տարել, և դրանց շրջանակներում կատարել ենք նաև պլանավորում։ Ըստ սցենարների՝ մենք ունենք պլանավորում, որին համապատասխան էլ կշարժվենք»,-ընդգծել է Արմեն Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ ցանկացած էսկալացիա տարածաշրջանում հանգեցնում է անկայունության և դրանում որևէ դրական բան չի կարող լինել։

«Սա Իրանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն է, որը, բնականաբար, բացասական ազդեցություն է ունենալու տարածաշրջանում։ Մենք հուսով ենք, որ հնարավոր կլինի հնարավորինս շուտ խաղաղ ճանապարհով կարգավորել այդ հարցերը»,-շեշտել է ԱԽ քարտուղարը։

Ավելի վաղ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ դատապարտելով Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումը և կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ու հետևել միջազգային իրավունքին։

Գիշերն Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի մայրաքաղաք Թեհրանին և նրա շրջակայքին, ինչպես նաև Իրանի այլ քաղաքներին։ Հարվածի թիրախ է դարձել նաև Նաթանզի միջուկային օբյեկետը։ Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր «Վեր հառնող առյուծ» գործողության մեկնարկի մասին, որն ուղղված է Իրանի միջուկային ծրագրի դեմ։ Հարվածների թիրախում են հայտնվել նաև բնակելի շենքեր։ Զոհվել են իրանցի բարձրաստիճան զինվորականներ և միջուկային ոլորտի մասնագետներ։ Իրանը խոստացել է վճռորոշ պատասխան տալ իսրայելական հարվածներին։