Հայաստանը խոցելի է կլիմայի փոփոխության տեսանկյունից

Հայաստանը կլիմայի փոփոխության հետ առնչվող բազմաթիվ մարտահրավերների է բախվում: Համաշխարհային բանկի խմբի՝ Հայաստանի վերաբերյալ «Երկրի կլիմայի և զարգացման զեկույց»-ը ռիսկերը մեղմելու համար կարևորում է բնական գազի օգտագործման նվազեցումը, փոխարենը՝ վերականգնվող էներգետիկայի զարգացումը, ջրի օգտագործման արդյունավետության բարձրացումը և մի շարք այլ քայլեր:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունիսի 13-ին Երևանում կայացավ Հայաստանի վերաբերյալ «Երկրի կլիմայի և զարգացման զեկույց»-ի շնորհանդեսը:
«Հայաստանն իր զարգացման առումով առանցքային խաչմերուկում է գտնվում: Երկրի կլիմայի գործող մոդելը, որը կարևոր առաջընթաց է ապահովել, խնդիրների է բախվել: Կլիմայի փոփոխությունները, հեղեղումները, էներգետիկ անվտանգության խնդիրները, ինչպես նաև օդի աղտոտվածությունը, ջրի սակավությունը խնդիրներ են առաջացնում շրջակա միջավայրի, տնտեսության վրա»,-ասաց Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսը:
Նա հավելեց՝ Հայաստանը նաև հարուստ հնարավորություններ ունի՝ այս մարտահրավերները դիմագրավելու համար:
«Փորձագիտական աջակցությամբ Հայաստանին օգնում ենք, որ հնարավորություն ունենա իրագործել իր կլիմայական նպատակները: Զեկույցը հստակ ճանապարհային քարտեզ է սահմանում գործողությունների համար, հնարավորություններ՝ էներգետիկայի ոլորտում»,-ասաց Միջազգային ֆինանսական կորպորացիայի Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Ինես Ռոչան՝ կարևորելով երկրում ցածր ածխածնային զարգացումը:
Շրջակա միջավայրի փոխնախարար Արամ Մեյմարյանը նկատեց՝ կլիմայի փոփոխությունը դիտվում է ամբողջ աշխարհում, Հայաստանն անմասն չէ դրանից:
«Դեռ ավելին՝ Հայաստանը բավականին խոցելի է կլիմայի փոփոխության տեսանկյունից, քանի որ երկրում կլիմայի փոփոխությունն առաջանցիկ տեմպերով է իր բացասական ազդեցությունն ունենում: Առաջիկա 100 տարվա համար կանխատեսումները նույնպես բացասական են: Հետևաբար մենք չենք կարող չգործել և փոփոխությունների չենթարկել թե մեր մտածելակերպը, թե մեր տնտեսությունը, թե ողջ կառավարումը»,-ասաց փոխնախարարը:
Նյութն ամբողջությամբ՝ armenpress.am