ՊԳԿ. Երիտասարդության ներուժը` գյուղական տարածքների վերածննդի համար

ՊԳԿ. Երիտասարդության ներուժը` գյուղական տարածքների վերածննդի համար

 Գյուղական տարածքներում երիտասարդ կանայք և տղամարդիկ կարող են ունենալ խթանիչ դեր՝ տնտեսական աճի և զարգացման, ինչպես նաև գյուղատնտեսության և գյուղական համայնքների ապագայի ապահովման և բարելավման գործում։ Որոշակի տնտեսական, սոցիալական և մշակութային մարտահրավերներ բացասաբար են ազդում երիտասարդների ձգտումների, կենսապահովման միջոցների, բարեկեցության և տեղական տնտեսություններին ինտեգրվելու հնարավորությունների վրա։ Բացի այդ, դեռևս կան բացեր գյուղաբնակ երիտասարդության կարիքների ըմբռնման գործում, ինչը խոչընդոտում է համապատասխան ուղղություններով լրացուցիչ աջակցություն տրամադրելու գործընթացը։

Այնուամենայնիվ, ինչպես աշխարհի այլ հատվածներում, այնպես էլ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում նկատվում է գյուղատնտեսության՝ որպես մասնագիտական գործունեության նկատմամբ երիտասարդների հետաքրքրության նվազում։ Ապագայում սննդի անվտանգությունը և կենսամիջոցների կայունությունն երաշխավորելու համար չափազանց կարևոր է խրախուսել երիտասարդներին զբաղվել գյուղատնտեսությամբ կամ պահպանել իրենց ներգրավվածությունը ոլորտում։

Գյուղատնտեսությամբ զբաղվող երիտասարդները հաճախ չունեն անհրաժեշտ ռեսուրսներ և հարթակներ, ինչպես, օրինակ, շուկաների հասանելիությունը, արժանապատիվ զբաղվածության հնարավորությունները կամ քաղաքական գործընթացներին մասնակցությունը։ Արդյունավետ և նպատակային քաղաքականությունների ու ռազմավարությունների մշակման համար անհրաժեշտ է համապարփակ պատկերացում ունենալ երիտասարդների առջև ծառացած խնդիրների վերաբերյալ։

Գյուղաբնակ երիտասարդության մարտահրավերներն ու հնարավորությունները բացահայտելու և քննարկելու նպատակով ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) նախաձեռնել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրորդ գյուղական երիտասարդական ֆորումը Բուդապեշտում։ Հունիսի 11-ից մեկնարկած միջոցառմանը մասնակցում են երիտասարդության ներկայացուցիչներ, քաղաքական որոշումներ կայացնողներ, երիտասարդ գյուղատնտեսներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ կողմեր՝ 22 երկրներից։ 

Հայաստանը ֆորումում ներկայացնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ Լիլիթ Հակոբյանը, ինչպես նաև օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող «Բարի Ֆարմ» ընկերության ներկայացուցիչ Էմմա Խաչատրյանը։ Նրանք պատիվ ունեն ներկայացնելու Հայաստանում երիտասարդության ներգրավվածությունը գյուղատնտեսությունում, ինչպես նաև երիտասարդների կարիքները, հնարավորություններն ու երիտասարդ ֆերմերների առջև ծառացող մարտահրավերը։

Եռօրյա ֆորումի ընթացքում մասնակիցները կքննարկեն գյուղաբնակ երիտասարդությանն ուղղված արդյունավետ աջակցության փորձառությունները, ինչպես նաև կանդրադառնան առկա խնդիրներին ու դրանց հնարավոր լուծումներին։ Տարածաշրջանում, որտեղ գյուղական տարածքներում բնակչության ծերացման միտումը շարունակվում է, ֆորումը նաև նշանակալից հնարավորություն է՝ բարձրացնելու իրազեկությունը ընտանեկան գյուղատնտեսության սերնդային կայունության պահպանման կարևորության վերաբերյալ։

Գյուղական երիտասարդական ֆորումը հնարավորություն է ընձեռում տարբեր շահակիցներին՝ պետական մարմիններին, քաղաքացիական հասարակությանը, գիտական շրջանակներին, մասնավոր սեկտորին, միջազգային կազմակերպություններին, երիտասարդական խմբերին, ինչպես նաև գյուղատնտեսական ոլորտի երիտասարդներին, ստեղծելու կամ ամրապնդելու գործընկերություններ՝ ի նպաստ գյուղաբնակ երիտասարդությանը և երիտասարդ գյուղատնտեսներին։

«Չնայած զարգացման ընդհանուր բարձր մակարդակին, անհավասարությունները շարունակում են աճել տարածաշրջանի բոլոր հատվածներում, ինչը մասնավորապես արտահայտվում է երիտասարդների գործազրկության բարձր ցուցանիշով, խոցելի խմբերի մեկուսացմամբ և գենդերային անհավասարություններով։ Այս բոլոր մարտահրավերները հաճախ հանգեցնում են գյուղական տարածքներից միգրացիայի», - ֆորումը բացելիս ասել է ՊԳԿ գլխավոր տնօրենի տեղակալ, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցիչ Վիորել Գուտուն: «Ֆորումի հիմնական նպատակն է ամրապնդել բազմաշահակից համագործակցությունը և երիտասարդների լիարժեք ներգրավվածությունը՝ որպես զարգացման գործընթացի հավասարազոր գործընկերներ»:

Միջոցառումը կնպաստի գյուղաբնակ երիտասարդության իրավիճակի և կարիքների վերլուծությանը, հատկապես՝ նրանց ներգրավվածության խոչընդոտների ու հնարավորությունների՝ հողի, ֆինանսների և գիտելիքների հասանելիության տեսանկյունից։ Ֆորումում անդրադարձ կկատարվի նաև ընտանեկան գյուղատնտեսության սերնդափոխության հարցին՝ ՄԱԿ-ի «Ընտանեկան գյուղատնտեսության տասնամյակ» նախաձեռնության շրջանակում: Բացի այդ, կխրախուսվի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գյուղաբնակ երիտասարդության մասնակցությունը գյուղատնտեսական և քաղաքական գործընթացներին, կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություններին, ինչպես նաև կներկայացվեն գաղափարներ գյուղատնտեսության և գյուղական տարածքների հանրային ընկալման փոփոխման ուղղությամբ։

ՊԳԿ-ի հիմնադրման 80-ամյակի կապակցությամբ կազմակերպությունը նախաձեռնել է հատուկ կոչ՝ ճանաչելու և քաջալերելու Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի այն երիտասարդ գյուղատնտեսներին, ովքեր գյուղական համայնքներում կանգնած են փոփոխությունների առաջնագծում։

 

Երիտասարդության խթանումը Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում


Գյուղական տարածքների վերակենդանացմանն ուղղված ընդհանուր աջակցության շրջանակներում՝ սերնդային փոփոխության անհրաժեշտության պայմաններում, ՊԳԿ-ն վերջին տարիներին սևեռել է իր ուշադրությունը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գյուղաբնակ երիտասարդության և երիտասարդ գյուղատնտեսների ուղղությամբ։ 

Համաշխարհային մակարդակով՝ 2021 թվականին ՊԳԿ-ն գործարկել է համաշխարհային պարենային ֆորումը՝ որպես անկախ, երիտասարդների կողմից ղեկավարվող գլոբալ գործընկերների ցանց, իսկ երիտասարդության հարցերը ներառվել են ՄԱԿ-ի «Ընտանեկան գյուղատնտեսության տասնամյակի» 2019–2028 թվականների ռազմավարության, ինչպես նաև «Երիտասարդություն 2030» ռազմավարական փաստաթղթի մեջ՝ որպես ՄԱԿ-ի հիմնական ուղեցույց՝ ամբողջ աշխարհի երիտասարդների հետ արդյունավետ աշխատանքի համար։ Գյուղական երիտասարդության առաջին տարածաշրջանային ֆորումը տեղի է ունեցել 2023 թվականին, որին նախորդել են մի շարք առցանց խորհրդակցություններ:

Գյուղական երիտասարդության երկրորդ տարածաշրջանային ֆորումը կարող է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներին մեկ քայլով մոտեցնել ընտանեկան գյուղատնտեսության սերնդափոխության և գյուղական համայնքների կայուն զարգացման ապահովմանը։