Զբաղվածության ծրագիր Սյունիքի և Կոտայքի մարզերում

Զբաղվածության ծրագիր Սյունիքի և Կոտայքի մարզերում
Մեկնարկում է զբաղվածության նոր ծրագիր՝ Սյունիքի և Կոտայքի մարզերում անապահովության գնահատման նոր համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց համար։
Պայմանավորված այն հանգամանքով, որ անապահովության գնահատման նոր համակարգը փորձարկվում է նշված երկու մարզերում՝ ծրագրի շրջանակում գործատուներին կտրամադրվի աջակցություն տվյալ մարզերում շահառուների զբաղվածության ապահովման 3 ուղղությամբ՝
✅ ուսուցում և աշխատանքի տեղավորում,
✅ աշխատանքային փորձի ապահովում և աշխատանքի տեղավորում,
✅աշխատանքի տեղավորում՝ աշխատավարձի սուբսիդավորման միջոցով։
 Աջակցության 1-ին ուղղությամբ՝ կարճաժամկետ ուսուցման ամբողջ ժամանակահատվածում (մինչև 5 ամիս ֆորմալ կրթություն), շահառուի ուսուցմանը մասնակցած օրերին համապատասխան, գործատուին կվճարվի ուսման վարձի փոխհատուցում մինչև 250,000 դրամ։ Գործատուն կորոշի, թե որտեղ և ինչ գիտելիք կստանա շահառուն՝ հաշվի առնելով, որ վերջինս պետք է աշխատի տվյալ գործատուի մոտ: Ծրագրի միջոցով պետությունը գործատուին կփոխհատուցի կրթական ծախսերը։
Ուսուցումն ավարտելուց հետո գործատուի և շահառուի միջև առնվազն 6 ամիս ժամկետով կկնքվի աշխատանքային պայմանագիր, որի պարագայում գործատուին 6 ամիս ժամկետով, ամսական մինչև 50,000 դրամի չափով կտրվի շահառուի աշխատավարձից հաշվարկվող հարկերի և պարտադիր վճարների փոխհատուցում։
 Աջակցության 2-րդ ուղղությամբ՝ նախատեսվում է գործատուի և շահառուի միջև առնվազն 6 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագրի կնքում և՝
· առաջին 3 ամսվա ընթացքում աշխատանքային փորձառության կազմակերպում, որի շրջանակում գործատուին 3 ամիս ժամկետով փոխհատուցման տրամադրում շահառուի աշխատավարձի վճարման համար` ամսական 165,000 դրամ՝ ներառյալ հարկերը և պարտադիր վճարները,
· գործատուի մոտ աշխատանքային փորձառություն անցնելուց հետո գործատուին աջակցության տրամադրում՝ առավելագույնը ամսական 50,000 դրամի չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամիս ժամկետով՝ շահառուի աշխատավարձից հաշվարկվող հարկերը և պարտադիր վճարները փոխհատուցելու համար։
 Աջակցության 3-րդ ուղղությամբ՝ ամենամսյա մասնակի փոխհատուցում կտրամադրվի այն գործատուին, որն առնվազն 6 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագիր կկնքի անապահով ճանաչված շահառուի հետ: Ընդ որում՝
· աշխատանքային պայմանագիրը 6-11 ամիս ժամկետով կնքելու դեպքում՝ 6 ամիս ժամկետով գործատուին կտրամադրվի փոխհատուցում` տվյալ անձի համար սահմանված ամսական աշխատավարձի 50 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան 50,000 դրամը,
· իսկ աշխատանքային պայմանագիրը 12 և ավելի ամիս ժամկետով կնքելու դեպքում՝ 6 ամիս ժամկետով գործատուին կտրամադրվի փոխհատուցում` տվյալ անձի համար սահմանված ամսական աշխատավարձի 70 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն ամսական աշխատավարձը՝ 75,000 դրամը:
 Ծրագրով նախատեսված է նաև ռիսկերի զսպման մեխանիզմ՝ որոշակի դեպքերում ֆինանսական միջոցների հետգանձում՝ և՛ գործատուից, և՛ շահառուից։ Մասնավորապես՝ ուսուցումն ավարտելուց հետո աշխատանքային պայմանագիր չկնքելու կամ ծրագրի շրջանակում կնքված աշխատանքային պայմանագրերը մինչև նախատեսված ժամկետի ավարտը լուծելու դեպքերում գործատուն պարտավորվում է ամբողջությամբ վերադարձնել իր ստացած ֆինանսական միջոցները (բացառությամբ հարկերի փոխհատուցման նպատակով ստացված միջոցների)։
Շահառուի դեպքում հետգանձումը նախատեսվում է, եթե ներկայացրել է ոչ հավաստի տվյալներ կամ հեռացվել է ուսուցման դասընթացից՝ 3 անգամ անհարգելի բացակայելու հիմքով կամ լուծել է աշխատանքային պայմանագիրը մինչև ծրագրով սահմանված ժամկետի ավարտը։ Շահառուն ևս պարտավոր է վերադարձնել ծրագրի շրջանակում տրամադրված ֆինանսական միջոցները (բացառությամբ որպես հարկերի փոխհատուցում տրամադրված միջոցների):