Տոնդ շնորհավոր, սիրելի՛ Անի․Անիի օրվան նվիրված միջոցառումները շարունակվել են մեծ համերգային ծրագրով

Այսօր մեծ շուքով նշվել է Անի համայնքի օրը։ Տոնական միջոցառմանը ներկա են գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, համայնքների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր, համայնքի բնակիչներ։
Մինչ տոնակատարության մեկնարկը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ու Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը շրջել են համայնքի բոլոր բնակավայրերը ներկայացնող տաղավարներով, ծանոթացել ժողովրդական արվեստի, ազգային խոհանոցի ամենահետաքրքիր ավանդույթներին, լսել սաների կատարումները, ճաշակել ազգային ուտեստներ։

Տոնական միջոցառմանը Անի համայնքի օրվա առթիվ շնորհավորելով անեցիներին՝ Շիրակի մարզպետը նշել է, որ նախորդ տարին Անի համայնքի համար ձեռքբերումներով է աչքի ընկել, վստահեցրել, որ այս տարի ևս համայնքի բնակչության հիմնահարցերը Կառավարության ուշադրության կենտրոնում են լինելու․ «Մեր Կառավարությունը խիստ կարևորում է տարածքների համաչափ զարգացումը և անում է հնարավորը, որպեսզի մեր համայնքները հզորանան ու զարգանան։ Կարող ենք փաստել, որ նախորդ տարին Անի համայնքի համար ձեռքբերումներով է աչքի ընկել, քանի որ մի շարք ծրագրեր են կյանքի կոչվել։ 2024 թվականին շուրջ 232 մլն 907 հազար դրամի սուբվենցին 3 ծրագիր է իրականացվել, որից Կառավարության մասնաբաժինը կազմել է 68 տոկոս: Վստահեցնում եմ, որ այս տարի ևս համայնքի բնակչության հիմնահարցերը Կառավարության ուշադրության կենտրոնում են լինելու։
Այս տարի Անի համայնքում հաստատվել է 2 սուբվենցիոն ծրագիր՝ 8 ենթածրագրով` ընդհանուր 1 մլրդ 491 մլն դրամ արժեքով։ Անի համայնքի Շիրակավան և Ջրափի բնակավայրերում ընթացքի մեջ են 2 կրթահամալիրների կառուցման աշխատանքները՝ շուրջ 4 մլրդ դրամի շրջանականերում։ Հետայսու էլ շարունակվելու են կառուցապատման և վերանորոգման աշխատանքները, ավարտին են հասցվելու անավարտ մի շարք ծրագրեր։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ Անիի օրվա առիթով՝ յուրաքանչյուրիդ ցանկանալով առողջություն, հաջողություն և լավատեսություն:
Տոնդ շնորհավոր, սիրելի՛ Անի»։
Անիի օրվան նվիրված միջոցառումները շարունակվել են մեծ համերգային ծրագրով, իսկ տոնական օրը կավարտվի շքեղ հրավառությամբ։
