Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը աշխատանքային հանդիպում է անցկացրել

Հունիսի 9-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման 2025 թվականի առաջին հինգ ամիսների արդյունքների, նախորդ տարիներից կուտակված ապառքների գանձման, համայնքապետարանների կողմից տրամադրված շինթույլտվությունների ժամկետների պահպանման, Վարդենիսի ԲԿ, Ծակքարի ԱԱՊԿ նոր շենքերի կառուցման, մարզային նշանակության ճանապարհների հիմնանորոգման նախագծերի ձեռքբերման կամ շինարարական մրցույթների հայտարարման հետ կապված հարցեր։
Խոսվեց ֆրեզված ասֆալտի հումքով մարզի բնակավայրերում երկրորդային նշանակության ճանապարհների նորոգման մասին:
Օրակարգային հարցերից էին նաև Վարդենիսի բանավան թաղամասի նորակառույց մանկապարտեզի տարածքի բարեկարգումը, Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցի հիմնանորոգումը և լուսավորության ցանցի կառուցումը:
Խոսվեց նաև Վարդենիս քաղաքի մարզադաշտի կառուցման ներդրումային ծրագրի, 2024 թվականից 2025 թվական տեղափոխված ու ավարտված կամ ավարտական փուլում գտնվող ծրագրերի ընթացքի և արդյունքների հետ կապված հարցերի մասին։
Կարեն Սարգսյանը հանձնարարեց՝ համայնքապետարանների հետ ամենօրյա համագործակցությամբ բարձրացնել տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման և կուտակված ապառքների գանձման ցուցանիշները։
Խորհրդակցության ընթացքում մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ստացան այլ հանձնարարականներ ևս։